211652_close_icon
views-count4294 դիտում article-date 21:28 19-06-2018

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահին

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Գեռո Շտոռյոհանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին, խափանման միջոցների կիրառման պրակտիկային, քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության ապահովմանը, ընտանեկան բռնության հետ կապված հանցագործությունների քննությանն առնչվող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում Եվրամիության համապատասխան կառույցների հետ համագործակցության նշանակությունը և ներկայացրել քննարկված հարցերի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության վերջին շրջանի նախաձեռնությունները: Մասնավորապես, նշվել է, որ ընտանեկան բռնությունների հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությանը մեծասպես նպաստել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` ընտանիքում բռնության հանցագործության դեպքերում դատախազին տրվել է իրավասություն հարուցելու քրեական գործ, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Պարոն Մելքոնյանը նշել է, որ օրերս կայացած ՀՀ դատախազության կոլեգիայի նիստին ընդունվել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների հիմնավորվածության ապահովմանն ուղղված կարևոր որոշումներ, որոնք բխում են ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով ամրապնդված՝ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափորոշիչներից: Ներկայումս, ըստ պարոն Մելքոնյանի, ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմի շրջանակներում մշակվում է կալանավորմանն այլընտրանքային խափանման նոր միջոցների ներդրմանը միտված օրենսդրական փոփոխությունների փաթեթ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հավելել է, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությունն ավելի գործուն դարձնելու, դատապարտյալների և կալանքի տակ գտնվողների մտահագություններին, խնդիրներին ավելի օպերատիվ լուծումներ տալու նապատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ յուրաքանչյուր ամիս քրեակատարողական հիմնարկներում կկազմակերպվի ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից ընդունելություն: Պարոն Շտոռյոհանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և արդյունավետ քննարկման համար՝ վստահություն է հայտնել, որ Հայաստանում արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցում դրսևորվող հետևողականությունը էապես կնպաստի մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության կառուցակարգերի ամրապնդմանն ու կատարելագործմանը: Հանդիպման ժամանակ արծարծվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր