211652_close_icon
views-count3015 դիտում article-date 15:20 19-06-2018

Տրանսպորտի նախարարն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 19-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Ողջունելով նախարարին և շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպանը կարևորեց տրանսպորտային ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման դերը յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման մեջ և ընդգծեց չինական կողմի պատրաստակամությունը՝ ավելի ամրապնդելու համագործակցությունն այդ ոլորտներում։ Նախարար Աշոտ Հակոբյանը, անդրադառնալով համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի ունեցած մեծ դերակատարությանը, նշեց, որ մեծապես գնահատում է երկու երկրների միջև գործակցության ընդլայնմանն ուղղված յուրաքանչյուր քայլ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում (Տրանշ 3) չինական ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր: Նախարարն ընդգծեց ճանապարհը որակով կառուցելու, տեմպերն արագացնելու, աշխատանքներում էական առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև հետագա համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, ճանապարհաշինական ծրագրերում և ՏՏ ոլորտում չինական ընկերությունների ներգրավվածության հնարավորությունները։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր