211652_close_icon
views-count4243 դիտում article-date 14:20 19-06-2018

«Երևանյան ամառ 2018». hաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությամբ Ազատության հրապարակում կազմակերպվել է սպարտակիադա

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով կազմակերպել էին մարզական սպարտակիադա` հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությամբ: Մարզական այս ստուգատեսի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Իդա Խաչատրյանը և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ, «Փյունիկ» հաշմանդամ մարզիկների հանրապետական միության նախագահ Հակոբ Աբրահամյանը: Ողջունելով սպարտակիադայի մասնակիցներին` ոլորտային պատասխանատուները նշել են, որ Երևանի քաղաքապետարանն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահում հատուկ կարիքներ ունեցող մեր համաքաղաքացիների խնդիրները` փորձելով նպաստել դրանց լուծմանն ու նաև մարզական միջոցառումների միջոցով ակտիվ ժամանցի ապահովմանը: Ավանդական դարձած այս նախաձեռնության նպատակներից մեկն էլ հաշմանդամություն ունեցող անձանց ամառային ակտիվ ժամանցի ապահովումն է՝ նաև այս կերպ ապացուցելով, որ նրանք մեր հասարակության լիարժեք անդամներն են: Հիշեցնենք, որ 2017 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցներին հատկացված մարզագույքի թվում մարզական գույք տրամադրվեց նաև հատուկ կարիքներ ունեցող մեր համաքաղաքացիներին: Հարկ է նշել, որ այս սպարտակիադային մասնակցել են հաշմանդամություն ունեցող 90 մարզիկներ, շուրջ 50-ով ավելի, քան նախորդ տարի: Բացի այդ, բասկետբոլ, սեղանի թենիս, շոու դաուն, սայլակավազք և շախմատ մարզաձևերին այս տարի ավելացել են նաև վոլեյբոլը, բազկամարտը, բոչան և ծանրաձողի հրումը պառկած դիրքից (փաուէրլիֆթինգ): Մարզաձևերում լավ արդյունքներ ցույց տված մարզիկները պարգևատրվել են դիպլոմներով ու մրցանակներով:

Նմանատիպ նյութեր