211652_close_icon
views-count15943 դիտում article-date 17:28 17-06-2018

Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, սա ոչ ոք չի ժխտում, բայց դա չի նշանակում, որ կարելի է ճակատում կռվող զինվորների համար ուղարկված օգնությունը գողանալ. ՀՀ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը: Մասնավորապես, ՀՀ վարչապետն ասել է. «Ես ուզում եմ՝ հստակ արձանագրենք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված օգնությունները յուրացնելու և գողանալու հետ: Կրկնում եմ՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, այլև այն կասկածների հետ, որ նա, օրինակ, ապրիլյան պատերազմի ժամանակ յուրացրել է դպրոցականների կողմից զինվորներին ուղարկված սնունդը, կերակրել է իր արջերին, վագրերին և այդպես շարունակ»: Ն. Փաշինյանը նաև մանրամասնել է, որ կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանը յուրացրել է նաև բանակի համար նախատեսված մեքենաները: «Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, ու սա ոչ ոք չի ժխտում, բայց դա չի նշանակում, որ հերոսին կարելի է ճակատում կռվող զինվորների համար ուղարկված օգնությունը գողանալ ու դրանով կերակրել իր արջերին ու վագրերին: Ուզում եմ նաև, որ չխախտվի որևէ մեկի անմեղության կանխավարկածը, նրա մեղքը կապացուցի դատարանը»,- ասել է նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում սկսվել է կոռուպցիայի դեմ ահեղ պայքար, սա նշանակում է՝ քրեական, կոռումպացված, ազդեցիկ որոշ մարդկանց հանել այդ համակարգի դեմ, որոշ մարդիկ կարծում են, որ դա սխալ ճանապարհ է, ու ավելի լավ է հարմարվել, որպեսզի ամեն ինչ լավ լինի բոլորի համար. «Ես չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ, ժողովուրդն ինձ իշխանության է բերել, որ ես իմ թիմով կոռուպցիան արմատախիլ անեմ. ես ասել եմ, որ կոռուպցիայի դեմ բոլորը հավասար են լինելու, ուզում եմ նշել, որ ես իմ հայտարարություններին տեր եմ: ՀՀ-ը երկար տարիներ թալանվել է, և նրան պետք է վերջ տրվի հնարավորինս արագ, Հայաստանը պետք է լինի կոռուպցիայից ազատ երկիր»,- ընդգծել է վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր