211652_close_icon
views-count5920 դիտում article-date 15:42 17-06-2018

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին

Հունիսի 17-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերից համայն հայության հոգևոր կենտրոն ժամանած ուխտավորների՝ ուղեկցությամբ «Արարատ» տան վարիչ-տնօրեն Դերիկ Ղուկասյանի և Ժակլին Էլ Շամմասի, ինչպես նաև Միչիգանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ծխական խորհրդի անդամների: Արևելյան և Արևմտյան թեմերի անունից ողջույնի խոսք ասացին Ժակլին Էլ Շամմասն ու Դերիկ Ղուկասյանը՝ Նորին Սրբությանը փոխանցելով իրենց թեմերում ծառայող հոգևորականների որդիական սերն ու խոնարհությունը, ինչպես նաև ներկայացրեցին հայրենիքում իրականացվող բարեգործական ծրագրերը: Այնուհետև Գարեգին Բ Վեհափառը, բերելով իր հայրապետական սերն ու գնահատանքը ուխտավորներին, շեշտեց, որ որպես Հայրապետ՝ մեծ ուրախություն է ապրում, երբ ամեն անգամ տեսնում է, թե ինչպես են հայորդիները ժամանում հայրենիք և համայնասփյուռ հայության հոգևոր կենտրոն այն գիտակցությամբ, որ իրենք նույնպես հոգևոր ու ազգային արժեքների կրողն են և իրենց աստվածահաճո գործունեությամբ զորակցություն են բերում հայրենաբնակ եղբայրներին ու քույրերին: Անդրադառնալով նրանց կողմից հայրենիքում իրականացվող բարեգործական ու մարդասիրական ծրագրերին՝ Նորին Սրբությունը հայցեց Երկնավորից, որպեսզի Տերն իրենց աստվածօրհնյալ առաքելության ողջ ընթացքում օրհնի ամենքին: Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ Հայ Եկեղեցու սոցիալական և հոգեփրկչական առաքելությանը, ներկայացրեց հայ ժողովրդի ու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները՝ կարևորելով միասնական ջանքերը դրանց հաղթահարման համար: Վերջում հայապահպանության գործում բերած կարևոր ավանդի համար իր գնահատանքը վերստին փոխանցելով ուխտավորներին՝ Վեհափառ Հայրապետը հորդորեց նույն նախանձախնդրությամբ շարունակել կրողը լինել նախնյաց ավանդած հսկայական ժառանգության և այն անխաթար փոխանցել հաջորդ սերունդներին: Ապա ուխտավորները նաև ներկա գտնվեցին Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագին:

Նմանատիպ նյութեր