6068 դիտում
18:04 15-06-2018
Թուրք պատմաբան Թաներ Աքչամ. «Թուրքիայում ժխտողականության քաղաքականությունը պետության կողմից է սնուցվում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Մայր բուհի գիտխորհրդի նիստերի դահլիճում ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը հանդիպեց ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ: Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, նույն ամբիոնի դասախոս Լուսինե Սահակյանը և Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:
Հանդիպման ընթացքում թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը հանդես եկավ «Փաստեր, ճշմարտություն, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը» թեմայով դասախոսությամբ:
Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նախ ողջունեց հյուրին և նշեց, որ այսօր Մայր բուհը պատիվ ունի հյուրընկալել թուրք ամենահայտնի պատմաբաններից մեկին, ով հայտնի է Հայոց ցեղասպանությանը մասին իր աշխատություններով:
«Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը թուրքական այլընտրանքային պատմագրության հիմնադիրներից է, պատմագրությունը, որը շեղվում է թուրքական պաշտոնական թեզից և կարողանում է ներկայացնել իրականությունը: 70-ական թվականներին Թուրքիայում նա եղել է ձախակողմյան ընդդիմադիր շարժման գործիչներից: Թուրքիայում ժամանակին Թաներ Աքչամը դատապարտվել է, սակայն հետո նրան հաջողվել փախչել բանտից և դառնալ հայտնի գիտնական»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:
Թաներ Աքչամն իր դասախոսության ընթացքում ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական փաստեր, անդրադարձավ հայ մտավորականների ձերբակալություններին, հայ գրողների աքսորին, ինչպես նաև տարբեր արխիվներից ձեռք բերված փաստաթղթերին:
Թաներ Աքչամի խոսքով, ժխտողականությունը միայն ճշմարտությունը ժխտելը չէ, այլև այն, որ ճշմարտությունը ժխտելը պաշտպանվում է պետության կողմից: «Այսօր շատ մեծ փիլիսոփայական խնդիր է այն, թե պատմության մեջ որն է ճշմարտությունը, շատ կարևոր է, թե ճշմարտությունն ով և ինչ փաստերի հիման վրա է ասում: Թուրքիայում քաղաքական իշխանությունն իր համար իր ճշմարտությունն է ստեղծել, մինչդեռ ճշմարտությունը գտնելու համար գիտական մեծ պատերազմներ են ընթանում»,- նշեց պատմաբանը և հավելեց, որ թուրքական քաղաքականության հիմքում ժխտողականությունը միշտ էլ եղել է:
«Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև գլխավոր տարբերությունն այն է, որ Հոլոքոստը ընդունվել է որպես ճշմարտություն, սակայն նույն չենք կարող ասել Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց պատմաբանը և հավելեց, որ Հայոց ցեղասպանությունը հաստատված է ակադեմիական շրջանակում, որի մասին տպագրվել են բազմաթիվ գրքեր:
«Թուրքական պետականության ժխտողական քաղաքականությունն այսօր այնքան թույլ է, որ այն ակադեմիական աշխատանքով կարել է ոչնչացնել, սակայն դրա համար պետք են շատ ու շատ աշխատություններ: Թուրքական պետությունը մեր ակադեմիական ուսումնասիրություններն իր համար սկզբնակետ պետք է դիտարկի, սակայն դա չի արվում: Դրա համար մենք պետք է շատ աշխատենք:
Թուրքիայում ժխտողականության քաղաքականությունը պետության կողմից է սնուցվում, իսկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միայն ակադեմիական աշխատությունները բավարար չեն»,-ասաց պատմաբանը:
Նրա խոսքով, այսօր թուրքական արխիվներում չեք կարող գտնել մի փաստաթղթ, որը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարիտ տեղեկություն է պարունակում: «1915 թվականին վերաբերվող շատ կարևոր պատմական փաստաթղթեր ոչնչացվել են հենց պետության կողմից»,-հավելեց պատմաբանը:
Հանդիպման վերջում Թաներ Աքչամը ներկաներին ասաց. «Հավատացե՛ք, որ իմ արածը մի մեծ բան չէ, ես ընդամենը ճշմարտությունն եմ ներկայացնում և ամաչում եմ այն պետության համար, որտեղ ես ծնվել եմ, քանի որ այդ պետությունում ճշմարտությունը չի ներկայացվում: Ես շատ ցավում եմ, որ դուք շնորհակալություն եք հայտնում մի մարդու, ով ընդամենը մերկ ճշմարտությունն է ներկայացնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ»:
Հանդիպման վերջում թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը պատասխանեց ուսանողներին հուզող մի շարք հարցերին, իսկ Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը նրան նվիրեց արցախյան գորգ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
925 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
964 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի