7459 դիտում
20:50 14-06-2018
Ուսհաստատություններում կոռուպցիոն հանցագործությունների փաստերով 22 քրգործ է քննվում. պետությանը պատճառվել է ավելի քան 33մլն դրամի վնաս
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 22 քրեական գործ: Դրանցից 16 գործ վերաբերում է դպրոցների, 4 գործ՝ մանկապարտեզի տնօրեններին, 2 գործ՝ ԲՈՒՀ-ի պաշտոնատար անձանց: Նշված քրեական գործերից 2-ով քրեական հետապնդում է հարուցվել 4 մանկապարտեզի, 4 գործով՝ 4 դպրոցի տնօրենների նկատմամբ:
Ընդհանուր 22 քրեական գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 33.227.700ՀՀ դրամ, որից ներկա պահի դրությամբ նախաքննության ընթացքում վերականգնվել է 2.123.000 ՀՀ դրամը:
Վերոնշյալ քրեական գործերի գերակշիռ մասը քննվում են տարիֆիկացիոն ցուցակներում ավել աշակերտներ ներկայացնելու և ստացված հավելյալ գումարները յուրացնելու, կրթական հաստատությունում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախող անձանց աշխատավարձերը յուրացնելու կամ վատնելու, կրթական հաստատության սաների հասանելիք սննդամթերքին հատկացվող գումարները հափշտակելու, կրթական հաստատության կարիքների համար ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների, կատարվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ակնհայտ բարձր գներ սահմանելու և արդյունքում դրա որոշակի մասը կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հափշտակելու, կեղծ ավարտական վկայականներ տրամադրելու, դրամահավաքության և այլ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ: