Ազգային Ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունից առաջ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի ընտրությանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց, թե հաշվի առնելով երեկվա հարցուպատասխանը թեկնածուի հետ և մի շարք այլ մտահոգություններ քաղաքացիական հասարակության մարմինների կողմից՝ խմբակցությունը որոշել է չմասնակցել ընտրությանը:
«Հուսով ենք դատավորը չի ընտրվի»,-ասաց նա:
Վարման կարգով ձայն խնդրեց նաև «Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և հայտարարեց, որ իրենք ևս չեն մասնակցի:
«Հաշվի առնելով, որ թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, և թեկնածուն պետք է ունենա սեփական կարծիք և մասնագիտական խիզախություն և համարձակություն, պաշտպանելու այն, եթե անգամ տարբերվող է, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցի քվեարկությանը»,-ասաց նա: