211652_close_icon
views-count4275 դիտում article-date 21:12 12-06-2018

Աշխարհն ականատես եղավ, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է. Արա Բաբլոյանը՝ Ռիչարդ Միլսին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հարաբերությունների խթանման հարցում կարեւորել է խորհրդարանականների փոխադարձ այցերն ու կապերի ամրապնդումը: Օրենսդիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով մեր երկրի ներքաղաքական զարգացումներին, ասել է. «Աշխարհն ականատես եղավ, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է եւ հավատարիմ է որդեգրած սկզբունքներին ու գաղափարներին. դրա վառ ապացույցը խնդիրների կարգավորումն էր խաղաղ եւ սահմանադրական ճանապարհով»: Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին` Արա Բաբլոյանը նշել է. «Պետք է համատեղ ուժերով մշակել եւ ներդնել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի անցկացվելիք ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին եւ ընդունելի լինեն հանրության կողմից»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի դերակատարությունը` Հայաստանի համար փոփոխությունների ժամանակահատվածում խորհրդարանական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու գործում: Դեսպանը կարեւորել է Հայաստանում ներքաղաքական գործընթացների կարգավորման հանգուցալուծումը իրավունքի գերակայության ուժով` փոխըմբռնման մթնոլորտում: «Հայաստանի նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը շարունակում է կարեւոր դեր ունենալ եւ Հայաստանի պատմության այս կարեւոր շրջանում ես պատրաստ եմ աշխատել Ձեր ու մյուս ղեկավարների հետ»,- ասել է Ռիչարդ Միլսը: Զրուցակիցներն անդրադարձել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին, համագործակցության հեռանկարներին:

Նմանատիպ նյութեր