2307 դիտում
21:27 11-06-2018
Տարոն Մարգարյան. «Որպես պատվիրատու` մենք ևս պետք է հետևողական լինենք, որ կազմակերպությունները պատշաճ իրականացնեն իրենց պայմանագրային պարտավորությունները»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և ինքնակամ հողազավթումների դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 9 դեպք, որոնց առնչությամբ իրականացվել են օրենքով սահմանված համապատասխան քայլեր:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել խիստ հսկողության տակ պահել այս ուղղությամբ տարվող աշխատանքները, այդ թվում նաև հետևելով, որ արդեն իսկ արձանագրված ապօրինություններ նախաձեռնողները չփորձեն կրկնել իրենց անօրինական գործողությունները: Դրանց կրկնվելու դեպքում էլ, օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ բոլոր քայլերը կատարելուց հետո, տվյալ գործերին վերաբերող նյութերը փոխանցել ՀՀ ոստիկանությանն ու Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել են նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երևան քաղաքի տարեկան ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքի մասին, այդ թվում նաև փողոցների ու բակերի բարեկարգման, ասֆալտապատման, փոսային նորոգումների, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների վերանորոգման ու ներկման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հսկողության տակ պահել իրականացվող բոլոր աշխատանքների ընթացքը՝ խստորեն հետևելով դրանց որակի ու սահմանված ժամկետների պահպանմանը:
«Տարեկան ծրագրերով իրականացվող բոլոր այդ աշխատանքների համար հայտարարվող բաց մրցույթներին զուգահեռ, իհարկե, հայտարարում ենք նաև տվյալ աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների մրցույթներ, ինչն, ըստ էության, հենց նրա համար է, որ մասնագիտորեն վերահսկվի այդ աշխատանքների թե՛ որակը և թե՛ ապահովվի պայմանագրերով պահանջվող ծավալները: Օրենքի տեսանկյունից, անշուշտ, աշխատանքի որակի և ծավալների ողջ պատասխանատվությունը կրում են տեխնիկական հսկողություն իրականացնող այդ կազմակերպությունները: Բայց, ամեն դեպքում, այդ աշխատանքների պատվիրատուն Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություններն են կամ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը: Եվ որպես պատվիրատու` մենք էլ մեր հերթին պետք է հետևողական ու պահանջատեր լինենք, որ թե՛ շինարարական ընկերությունները և թե՛ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները պատշաճ իրականացնեն իրենց պայմանագրային պարտավորությունները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետը, անդրադառնալով ամռան շոգ եղանակով պայմանավորված արհեստական ջրավազաններում երեխաների և պատանիների լողալու հնարավոր դեպքերը կանխարգելելուն, աշխատակազմի առողջապահության վարչությանը և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ խիստ հսկողության տակ առնել մայրաքաղաքում առկա ջրային ավազանների տարածքները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, նաև իրազեկման աշխատանքներ տանել հանրության շրջանում՝ արհեստական ջրավազաններում լողալու հնարավոր վտանգների մասին:
Խորհրդակցության ավարտին, հաշվի առնելով, որ առաջիկայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը մեծ հետաքրքրություն է վայելում ինչպես ֆուտբոլասեր երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի շրջանում, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Կարապի լճի հարակից տարածքի մեծ էկրանին ապահովել առաջնության խաղերի վերահեռարձակումը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
499 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
376 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
379 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել