211652_close_icon
views-count1389 դիտում article-date 18:51 11-06-2018

Արա Բաբլոյանն ընդունել է լեհ խորհրդարանականների պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 11-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակի գլխավորած պատվիրակությանը: Արա Բաբլոյանը, ողջունելով լեհ խորհրդարանականներին ՀՀ Ազգային ժողովում, վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը: Խորհրդարանի ղեկավարն անհրաժեշտ է համարել խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցության առավել սերտացումն ու աշխուժացումը: Կարեւորելով նման փոխայցերն ու շփումները` Արա Բաբլոյանը ջերմությամբ է հիշել նախորդ տարի իր գլխավորած պատվիրակության այցը Լեհաստան, որի շրջանակում մասնակցել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաեւ հայ համայնքի ձեւավորման 650-ամյակին նվիրված միջոցառումներին: Ազգային ժողովի նախագահը, կարեւորելով Լեհաստանի Սեյմի կողմից Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, հույս է հայտնել, որ Լեհաստանի Սենատը եւս չի ուշացնի փաստաթղթի վավերացումը: Խոսելով Լեհաստանում հայ համայնքի դերակատարության մասին` Արա Բաբլոյանը նշել է, որ հայերն իրենց նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ արժանացել են Լեհաստանի իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքին եւ ուրույն ներդրում ունեն հայ-լեհական կապերում: Լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավարը, պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության առավել խորացումն ու ընդլայնումը: Ըստ նրա՝ դեռեւս առկա է չօգտագործված զգալի ներուժ, հատկապես տնտեսական բնագավառում: Թադեուժ Վոժնիակն ընդգծել է լեհերի համակրանքն ու ջերմ վերաբերմունքը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Պատգամավորական խմբի ղեկավարը նշել է, որ տպավորված են Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցով. «Կատարվածը ցավալի է եւ ողբերգական: Հուսով եմ, որ պետությունների ղեկավարներն ամեն ինչ կանեն հետագայում նման ոճրագործությունները կանխարգելելու համար»,- ասել է լեհ խորհրդարանականը: Թադեուժ Վոժնիակը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության խորացման հեռանկարներին եւ հնարավորություններին, Հայաստանին աջակցելու եւ իր երկրի փորձով կիսվելու պատրաստակամություն է հայտնել:

Նմանատիպ նյութեր