211652_close_icon
views-count2023 դիտում article-date 19:54 06-06-2018

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել բրիտանացի գործարարների հետ

Հունիսի 6-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նախարարության պատասխանատուների մասնակցությամբ հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայից ժամանած գործարար պատվիրակության հետ, որը գլխավորում էր Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը։ Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։ Նախարար Մինասյանը ողջունել է հյուրերին, նշել նման ներկայացուցչական պատվիրակության այցի կարևորությունը Հայաստանի համար։ Նախարարը ներկայացրել է տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումները, խոսել ներդրումների խթանման ուղղությամբ կատարվող օրենսդրական փոփոխությունների ընթացքի մասին։ Մի շարք ուղղություններով Արծվիկ Մինասյանն անդրադարձել է համագործակցության և օժանդակության հնարավորությանը։ Պատվիրակության ղեկավար Մարկ Փրիթչարդը շնորհավորել է նախարարին կառավարությունում աշխատանքը շարունակելու կապակցությամբ և հայտնել համագործակցության պատրաստակամությունն ու բրիտանացի գործարարների հետաքրքրվածությունը Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներում։ Ծավալված զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման, աուդիտորական, քաղաքաշինության, ներդրումների, վերականգվող էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցության շուրջ։ Նախարարը հատկանշել է պետություն-մասնավոր հատված գործակցության կարևորությունը, խոսել տնտեսական գործունեության ազատականացման և թափանցիկության բարձրացման ուղղությամբ արվող քայլերի մասին, հույս հայտնելով, որ բրիտանացի գործարարների այցը արդյունավետ կլինի և գործարար նոր հարաբերությունների հիմք կհանդիսանա։

Նմանատիպ նյութեր