Ինչի կհանգեցնի իրավիճակի սրումը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն «168 ժամի» հետ զրույցում Դավիթ Շահնազարյանի պնդումը չափազանց իրատեսական համարեց։ Ըստ նրա՝ հաշվի առնելով թուրքական ռազմական ուժերի ընդլայնվող ներկայությունը Նախիջևանում և թուրքական մեծ ազդեցությունը, այստեղ դժվար է տարանջատել ադրբեջանական և թուրքական ուժերը։
«Գաղտնիք չէ նաև, որ երկար տարիներ Ադրբեջանն անվստահություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձում հեղինակազրկել, տապալել այդ հարթակը, վիրավորելով միջնորդներին։ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ էլ մեկ այլ մարտավարություն է կիրառում՝ ջանում է ընդլայնել կամ Մոսկվայի, կամ Անկարայի ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Փորձում է առանձին երկրների միջոցով կարգավորել հակամարտությունը՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Վերջին տարիներին Բաքուն դա փորձում է անել Մոսկվայի միջոցով։ Ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարցը կամ այլ ձևաչափերի մասին է խոսում, որը բացառում են, ըստ էության, բոլոր միջնորդներն ու Հայաստանը, և ինչն անհնար է։ Բայց այս քաղաքականությունից Բաքուն չի հրաժարվում և հնարավորության դեպքում օգտագործում է Թուրքիային առաջին պլան բերելու իր նպատակը»,- ասաց Մալաշենկոն։
Թուրք քաղաքական վերլուծաբան Բասքըն Օրանն ասաց, որ թեև Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձեր չի անում, դեռ չի դիտարկում այդ հարցն իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, ինչը բացասական հանգամանք է, չի ցանկանում նաև էլ ավելի սրել Հայաստանի հետ հարաբերությունների բնույթը։ Դա, նրա խոսքով, նշանակում է, որ Թուրքիայի իշխանություններն Ադրբեջանին չեն հրահրի կամ նրա ռազմական գործողություններին սահմանի այս կամ այն հատվածում պաշտոնական աջակցություն չեն ցուցաբերի, նույնը վերաբերում է նաև Նախիջևանին։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ Օրանն ասաց, որ հակամարտության վերսկսման վտանգ կա։ «Եթե կողմերը դիրքեր են փոխում, դա ի՞նչ է նշանակում։ Ինչո՞ւ են փոխվում դիրքերը։ Կարծում եմ՛ պատասխանն ակնհայտ է։ Հնարավորության դեպքում Ադրբեջանը կփորձի պարտադրել հակամարտության լուծում ուժի կիրառման միջոցով»,- ասաց Օրանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]