Կհավերժացվի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հիշատակը
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի շենքի պատին կփակցվի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:
Նման որոշում կայացվեց Երևանի ավագանու հերթական նիստում, որտեղ ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ընդգրկված հարցին:
Ակադեմիկոսի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման համար միջնորդություն է ներկայացրել Գիտությունների ազգային ակադեմիան: Հուշատախտակի տեղադրման և ֆինանսավորման աշխատանքները կատարվելու են ԳԱԱ-ի կողմից:
Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստին ընդգրկված էր 5 հարց, որոնք բոլորն էլ ձայների մեծամասնությամբ ընդունվեցին ավագանու անդամների կողմից:
Օրակարգի հարցերի սպառումից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել հունիսի 26-ին: Առաջարկն անցավ միաձայն: