211652_close_icon
views-count8389 դիտում article-date 22:40 23-05-2018

«Անհամբեր սպասում ենք այն պահին, երբ Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին. ԱՄՆ պետքարտուղար

Օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է պետքարտուղար Մայքլ Պամպեոյի հետ: «Մի քանի օրից Վրաստանը կնշի Առաջին հանրապետության 100-ամյակը: Վրաստանը երկար ճանապարհ է անցել նախքան ԱՄՆ արժանի գործընկեր և դաշնակից դառնալը», – ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Վաշինգտոնում կայացած հանդիպման ավարտին, գրում է [url=https://jam-news.net/?p=103644&lang=hy]JAMNEWS[/url]-ը: Նրա խոսքով՝ նախագահ Թրամփի կառավարման ժամանակահատվածում երկկողմանի հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել: «Ապագայում մենք էլ ավելի մեծ ներուժ ենք տեսնում», – ընդգծել է Կվիրիկաշվիլին: Վարչապետի խոսքով՝ հենց ԱՄՆ մշտական աջակցության շնորհիվ են Վրաստանում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի բնույթ սկսել կրել, ամրապնդվել են պետական ինստիտուտները, Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար տնտեսական զարգացման լուրջ հնարավորություններ են ստեղծվել: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհամբեր սպասում է այն պահին, թե երբ է Վրաստանն անդամակցելու ՆԱՏՕ-ին: «Մեր որոշումն անփոփոխ է: Նախագահ Թրամփը միանշանակ աջակցում է Բուխարեստի 2008թ-ի գագաթնաժողովի որոշումներին, ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է այն օրվան, թե երբ է Վրաստանն ընդունվելու ՆԱՏՕ: Մեր այսօրվա հանդիպմանը մենք դիտարկել ենք բոլոր հարցերը, որոնք կապում են ազգային անվտանգությունը, դինամիկ տնտեսությունն ու ժողովրդավարությունը», — հայտարարել է Պոմպեոն: Մայք Պոմպեոյի խոսքով՝ Վրաստանում ԱՄՆ ուղերձն այսօր բացարձակ հասկանալի է. ԱՄՆ-ն հաստատակամորեն և անխախտորեն աջակցում է Վրաստանին, և ապագայում դա չի փոխվի: Պոմպեոն հայտարարել է նաև, որ Վրաստանի անվտանգության ապահովման համար գլխավորը բաց հասարակությունն է և ուժեղ տնտեսությունը: Նա ընդգծել է, որ Վրաստանի համար չափազանց կարևոր է ապահովել օրենքի գերակայությունը, ինչն ապահովվում է անկախ դատական համակարգով, հաշվետու իշխանությունով և բազմակարծությամբ: «ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի այն ձգտմանը, որ նա հնարավորություններ ստեղծի յուրաքանչյուր քաղաքացու ձայնն, այդ թվում՝ քաղաքականությունում և ԶԼՄ-ներում, լսելի դարձնելու, իշխանական ինստիտուտներում զսպման և հակակշիռների մեխանիզմներ և վերահսկողություն սահմանելու համար», — հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ շնորհավորելով Վրաստանի անկախության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր