3546 դիտում
17:48 22-05-2018
Մեկնարկեց «Հայաստանի Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում» խորագրով գիտաժողովը
Մայիսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ՀՀ սփյուռքի նախարարության և «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայաստանի Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018թթ.)» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:
Գիտաժողովի բացմանը Օրհնության խոսքով հանդես եկավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նա իր խոսքում կարևորեց գիտաժողվի անցկացումը, որի ընթացքում մեկ անգամ ևս անդրադարձ է կատարվելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրական առաքելությանը, ազգանվեր գործունեությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Մայիսյան հերոսմարտերը ապացույցն էին հայ ժողովրդի սիրո ու միասնականության, և մեր Սուրբ Եկեղեցին ինչպես 1918 թվականին, այնպես էլ Արցախյան հերոսամարտի ողջ ընթացքում օրհնել է ժողովրդի արդար պայքարը: Վեհափառն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակները աշխարհասփյուռ հայ ժողովրդին ուղղված ազդակ են՝ նպաստելու մեր պետության զարգացմանն ու առաջընթացին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա ընդգծեց, որ Սփյուռքի նախարարի պաշտոնում առաջին անգամ է մասնակցում նման կարևոր միջոցառման, որն ավելի է սերտացնում նախարարության և Մայր Աթոռի հարաբերությունները:
Նախարարը կարևորեց համահայկական առաջնահերթություններ, մասնավորապես՝ հայապահպանությունն ու հայրենադարձությունը: Ադրադառնալով համաշխարհայնացման մարտահրավերներին և Սփյուռքում ուծացման վտանգին՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ այս երկու առաջնահերթությունների կենսագործման համար սահմանվել է քաղաքական հատուկ ուղենիշ:
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ այսօր Սփյուռքում առկա է Հայաստանի կողքին լինելու, այն շենացնելու և զարգացնելու աննախադեպ ալիք: Նա անդրադարձավ հայոց պետականության կայացման գործում հայ եկեղեցու դերակատարությունը՝ նշելով, որ եկեղեցին պետականության բացակայության պայմաններում անգամ ապավեն է եղել իր ժողովրդին: Նա շեշտեց, որ յուրաքանչյուրի գործունեության հիմքում պետք է լինի հզոր Հայաստանի, ապահով Արցախի և կազմակերպված Սփյուռքի տեսլականը: «Վստահ եմ, որ համատեղ ուժերով կարող ենք հասնել մեր համազգային նպատակների կեսնագործմանը»,-եզրափակեց իր խոսքը Մխիթար Հայրապետյանը:
Բացման խոսքով հանդես եկավ նաև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արք. Հովհաննիսյանը:
Գիտաժողովն աշխատանքները շարունակեց երկու նիստերով: Գիտաժողովի զեկուցողներն են ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը («Մայր Աթոռի և Սփյուռքի թեմերի հարաբերությունները Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին»), Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը («Եկեղեցի-պետություն հարաբերությունները. պատմական ակնարկ»), Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգիսյանը («Հայ եկեղեցու դերակատարությունը Հայոց պետականության կայունացման և զորացման գործում. պատմական ակնարկ»), ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը («Հայ եկեղեցին Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության և պետականաշինության համար մղվող պայքարում (1991-2001 թթ.)»), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քհն. Կարապետյանը («Գևորգ Ե Հայոց Հայրապետ»), ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի պրոֆեսոր Արծրունի Սահակյանը («Մայր Աթոռի հայահավաք ու պետականակերտ միտումները 15-20-րդ դարերում»), Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղի վարիչ Ավագ Հարությունյանը («Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասարակական գործունեությունը 1918-1920 թթ.»), Ազգային արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ Գոհար Ավագյանը («Մայր Աթոռի կալվածական խնդիրները Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին»), ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Արթուր Վաղարշյանը («Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման նախադրյալները»), Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ Վահան Մելիքյանը («Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 1917 թ. եկեղեցական համագումարը»), Գևորգյան հոգևոր ճեմարանի և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ավետիս Հարությունյանը («Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման հարցի շուրջ»), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Վարուժան արք. Հերկելյանը («Հայ եկեղեցին գործակից հայկական պետութեան»), ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Հայրունին («Հայաստանի Հանրապետության Բեռլինի պատվիրակության գործունեությունը 1918 թվականին»), Գյումրիի Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Հ. Մաշտոց վրդ. Զահթերյանը («Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ ներդրումը եւ անոր մշակած յարաբերութիւնը Հայոց նորաստեղծ պետականութեան յարատեւման եւ հզօրացման գործընթացին մէջ»), Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Պատվելի Արամ Բաբաջանյանը («Հայ Ավետարանական եկեղեցու գործունեությունը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին»), ՌԴ և ՀՀ պատմական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանցը («Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը 1917-1920 թթ.»), ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Պողոսյանը («Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը և նորանկախ Հայաստանի Հանրապետությունը»), Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սուսաննա Հովհաննիսյանը («Հովհաննես Թումանյանի գործունեությունը Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման օրերին»), պատմական գիտությունների թեկնածու, սփյուռքագետ Հայկ Ենգիբարյանը («Հայ Առաքելական Եկեղեցին և Մեծ հայրենադարձության պետական ծրագիրը»):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1591 դիտում
13:24 08-03-2022
Այսօր առավել քան երբևէ պետք է կարևորենք հայ կնոջ դերը հայոց պետականության կայացման գործում․ Շիրակի մարզպետ
Այս բաժնից
1045 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2131 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան