211652_close_icon
views-count6572 դիտում article-date 16:46 22-05-2018

Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությանը սատարող բանաձև

Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը մայիսի 22-ին միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության։ Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը. Բանաձև 1․ Ռայդ քաղաքի Քաղաքային խորհուրդը նշում է, որ 2018 թ․ լրանում է Արցախի ազատագրական շարժման 30-ամյակը, ինչը հանգեցրեց 1991 թ․Արցախի Հանրապետության (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անկախության հռչակմանը։ 2․ Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը․ ա) հաստատում է մարդու ինքնորոշման հիմնական իրավունքի և ազատ ու ժողովրդավարական հասարակության կարևորությունը, բ) ճանաչում է բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը, գ) ընդգծում է Արցախի Հանրապետության շարունակական ջանքերը՝ ուղղված օրինական խորհրդարանական ընտրությունների միջոցով ազատ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ու պատասխանատու կառավարության կազմավորմանը։ դ) սատարում և խրախուսում է միջազգային հանրությունում Արցախի Հանրապետության ներգրավվածությունը՝ առկա տարածաշրջանային խնդիրների լուծմանը հասնելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու նպատակով, ե) խրախուսում է Արցախի Հանրապետության հետ խաղաղ հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև Արցախի ժողովրդին մարդասիրական և տնտեսական աջակցության տրամադրումը, և զ) կոչ է անում Դաշնային կառավարությանը պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի Հանրապետության ու նրա քաղաքացիների հետ։

Նմանատիպ նյութեր