211652_close_icon
views-count3512 դիտում article-date 16:12 22-05-2018

«Մենք ասում ենք՝ այլևս երբեք». Կիպրոսի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Կիպրոսի ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը: Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի և ողջ աշխարհի կողմից, ինչպես և յուրաքանչյուր ցեղասպանության ճանաչումը պատմական նշանակություն ունի՝ ապագայում նման դեպքերից խուսափելու համար: «Սա է հայերի պայքարը: Մենք միշտ հայերի կողքին կլինենք ոչ միայն որպես բարեկամներ և եղբայրներ, այլև որպես պետություն: Դա մի պարտավորություն է ոչ միայն հայերի նկատմամբ, այլ ողջ մարդկության, որպեսզի երբևիցե չկրկնվեն ցեղասպանություններ»,- ասաց Սիլուրիսը: Կիպրոսի ներկայացուցիչները շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան Ցեղասպանության մասին վկայող նյութերին: Վերջում պատվիրակության անունից գրառում կատարվեց. «Մենք կրկին տեսանք հայ ժողովրդի տառապանքները բարբարոսության և ատելության մեջ. Մենք ասում ենք` այլևս երբեք»: Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած առաջին պետություններից է: Այն բանաձևեր ունի 1975, 1982, 1990 թվականներին, ինչպես նաև այն առաջին պետությունն է, որը բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում: Կիպրոսն ունի նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք՝ ընդունված 2015թ. ապրիլի 2-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր