211652_close_icon
views-count4730 դիտում article-date 19:36 16-05-2018

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները պետք է տեսանելի լինեն հասարակությանը․ Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը: Նախարարը կարևորել է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցությունը և նշել, որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրողությունները համախմբված և համաձայնեցված հունով աշխատելու պատրաստակամություն են առաջացրել: Դեսպանը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, բարձր գնահատել Արդարադատության նախարարության հետ ստեղծված հարաբերությունների մակարդակը և ՄԹ կառավարության կողմից վերահաստատել է Հայաստանի արդյունավետ կառավարմանն ուղղված աջակցությունը: Նախարար Զեյնալյանն իր հերթին հավաստիացրել է, որ Միացյալ Թագավարության հետ նախանշված ծրագրերն իրականացվելու են՝ տեղի ունեցած նոր փոփոխությունների լույսի ներքո: «Անելու ենք առավելագույնը, որպեսզի ոչ միայն գործնականում բացառենք կոռուպցիան, այլ որ հասարակության համար ակնհայտ լինեն հակակոռուպցիոն պայքարի արդյունքները »,- ընդգծել է նախարարը: Արտակ Զեյնալյանը դեսպանի հետ զրույցում հաստատել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու վճռականությունը: Նախարարի խոսքով, պետք է պահպանել և զարգացնել ընտրական գործընթացում ձեռքբերված հաջողությունը և բացառել ընտրակաշառքը՝ որպես կամքի ձևավորման միջոց: «Պետք է վերաիմաստավորենք նաև դիտորդների մասնակցությունը ընտրությունների գործընթացում՝ ապահովելով վերջիններիս անաչառությունն ու նպատակային մասնակցությունը այս գործընթացում»,- նշել է նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ բողոքարկման պրոցեսներն ընտրական գործընթացներում շատ անարդյունավետ են և փոփոխություններն ուղղված են լինելու նաև այդ բացը լրացնելուն»,- ասել է նախարարը: Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն անդրադարձել է նաև դատական համակարգի խնդիրներին, Պրոբացիայի պետական ծառայության կարողությունների զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հանրային ծառայությունները քաղաքացուն ավելի հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքին:

Նմանատիպ նյութեր