211652_close_icon
views-count4850 դիտում article-date 13:43 16-05-2018

«Վեոն Արմենիա» ընկերությունը տուգանվել է 2 մլն դրամով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2018 թվականի մայիսի 16-ին հրավիրված նիստում քննարկվել է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տույժ կիրառելու մասին հարցը, ընկերությունը տուգանվել է 2 մլն դրամով: ՀԾԿՀ-ից հայտնում են, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի եւ ընկերությանը տրամադրված լիցենզիայի պայմանների համաձայն՝ ընկերությունը պարտավոր է ապահովել հնարավոր ամենաարագ հաղորդակցությունը՝ դժբախտ պատահարների, արտակարգ իրավիճակների կամ կյանքի ու ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների դեպքում, ինչպես նաեւ՝ ապահովել իր կողմից շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հուսալիությունն ու անվտանգությունը։ Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությանը ենթարկել տույժի` 2 000 000 (երկու միլիոն) դրամ գումարի չափով եւ պարտավորեցնել որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել օրենքի եւ լիցենզիայի պայմանների պահանջների կատարումն ապահովող հիմնավորումներ՝ տեխնիկական ներքին աուդիտի իրականացմամբ: Հանձնաժողովի կողմից «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության նկատմամբ տույժ կիրառելու մասին որոշման ընդունման հիմք է հանդիսացել վերոնշյալ օրենքի եւ ընկերությանը տրամադրված լիցենզիայի պայմանների պահանջների խախտման փաստը, ինչի արդյունքում 2018 թվականի հունվարի 1-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության հանրային ամրակցված կապի հեռախոսացանցում եղած խափանումների հետեւանքով բաժանորդներին հասանելի չեն եղել դեպի հատուկ ծառայությունների կոդեր (այդ թվում՝ 911 եւ 112) կատարվող զանգերը։

Նմանատիպ նյութեր