ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիան ճանաչվել է միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատորիա
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիային ճանաչել է միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատորիա (Ազգային գրիպի կենտրոն): ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրեն Ժուժաննա Յակաբը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին այս մասին տեղեկացրել է երեկ ուղարկված պաշտոնական նամակով։
Մեր մասնագետների երկար տարիների քրտնաջան աշխատանքն այս ճանաչմանն արժանացել է միջազգային բարձրակարգ փորձագետների կողմից անցկացված մանրազնին մասնագիտական գնահատման արդյունքում։
Նման կարողությունների շնորհիվ Հայաստանում իրականացվում է գրիպի մի քանի տեսակների և ենթատեսակների ախտորոշում, որը լիարժեք հիմքեր է ստեղծում գրիպի սեզոնի ընթացքում ճիշտ գնահատելու համաճարակային իրավիճակը, շրջանառող հարուցիչները՝ հաջորդիվ իրականացնելով առավել նպատակային կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ՝ նվազեցնելով առողջապահական համակարգի բեռը:
Լաբորատորիան այսուհետ սերտորեն կհամագործակցի ԱՀԿ կողմից ճանաչված այլ լաբորատորիաների հետ, որոնք ներառված են գրիպի համաճարակաբանական հսկողության և արձագանքման գլոբալ համակարգում, ինչն էլ ղեկավարվում է ԱՀԿ Պանդեմիկ գրիպի պատրաստվածության գլոբալ ծրագրով: