211652_close_icon
views-count2446 դիտում article-date 13:01 07-05-2018

Ռուստամյանը վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին ընտրելը ստեղծված իրավիճակում ամենաճիշտ լուծումն է համարում

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Հայաստանում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակը հաղթահարելու ամենաճիշտ լուծումը համարում է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ի շահերից էլ չի բխում երկրորդ անգամ տապալել վարչապետի ընտրությունը: «Եթե մայիսի 8-ին չի ընտրվում վարչապետ, տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, և ես չեմ կարծում, որ դա բխում է Հանրապետականի շահերից: Եթե նրանք երկրորդ անգամ տապալեն, ի՞նչ ռեսուրսով են մասնակցելու արտահերթ ընտրություններին, նույնիսկ ռեյտինգային ընտրակարգը նրանց չի օգնի: Ես կարծում եմ, որ եթե երկրորդ անգամ էլ մի բան հայտարարեն ու բոլորովին այլ բան անեն, սա քաղաքական ուժի համար վտանգավոր է»,- «[url=https://armenpress.am/arm/news/932618.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ռուստամյանը: Նրա գնահատմամբ՝ կա հստակ ժողովրդային պահանջ, որը պետք է իրականացվի: Ռուստամյանը նաև կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց և նոր կառավարության ձևավորումից հետո 20 օրվա ընթացքում ներկայացվելիք կառավարության ծրագիրը ՀՀԿ-ն ևս կընդունի, քանի որ հակառակ պարագայում կրկին անցնելու են նույն գործընթացը: «Այդ դեպքում մենք կրկին պետք է վարչապետ ընտրենք, եթե չի ընտրվում վարչապետ, լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Չեմ կարծում, որ կարիք կա այս ամենի մեջով կրկին անցնել, իսկ ՀՀԿ-ի համար նույնիսկ այդ դեպքում արտահերթ ընտրությունները ձեռնտու չեն»,- ընդգծեց Ռուստամյանը: Ազգային ժողովում վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 12:00-ին ԱԺ հատուկ նիստում: «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՀԿ-ն հայտարարել է, որ սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին: Փաշինյանը, սակայն, մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում ձայների 45 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ, չընտրվեց վարչապետ:

Նմանատիպ նյութեր