211652_close_icon
views-count1850 դիտում article-date 15:31 28-04-2018

ՀՀ ՖՆ պետական գնումների համակարգի պաշտոնական կայքէջը թարմացվել է

ՀՀ ֆինանսների նախարարությունում ներկայացվել է ՀՀ ՖՆ պետական գնումների համակարգի պաշտոնական կայքէջի` gnumner.am-ի նոր, թարմացված տարբերակը, որն արդեն ինչպես գործառնական, այնպես էլ տեղեկատվական բնույթի է: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի խոսքով` «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ կտրուկ բարձրացել է թափանցիկությունը և հասարակության ներգրավվածությունը գնման գործընթացներում: 2017 թվականի ընթացքում ներկայացվել է նաև Armeps PPCM համակարգը, որը հնարավորություն է տալիս ցանկացած կազմակերպության կողմից հայտարարված գնման կամ կնքված պայմանագրի մասին ստանալ մանրամասն տեղեկատվություն: Ըստ նախարարի տեղակալի՝ Հայաստանի Հանրապետության պետական համակարգում 2017 թվականին 180 միլիարդ դրամի գնումներ են կատարվել, որից 96 միլիարդ դրամը լիցենզավորված են, իսկ 83.7 միլիարդը՝ մրցակցային գնումներ: «4.7 միլիարդ դրամը եղել են մեկ անձից գնումները, որն ընդհանուր գնումների 5․7 տոկոսն է կազմել, ինչը կտրուկ ցածր է նախորդ տարիների ցուցանիշից: Սա նշանակում է, որ մրցակցության աստիճանի բարձրացում է արձանագրվել»,-ասել է Թամազյանը և հավելել, որ նախորդ տարիների համեմատ ավելացել է նաև գնումների մրցույթների մասնակիցների միջին թիվը: «Եթե 2015 և 2016 թթ. մեկ մրցույթին միջինում մասնակցել է 3.2 մասնակից, ապա 2017-ին՝ մասնակիցների թիվը ավելացել է գրեթե 30 տոկոսով և հասել է 4-ի: Սա բավականին դրական ցուցանիշ է՝ հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային, եվրոպական չափանիշները»,-նշել է Կարեն Թամազյանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը հանդիսանում է Ժնևի Առևտրի համաշխարհային կազմակերպության գնումների գրասենյակի անդամ և նախկին ԱՊՀ երկրներից միակն է, որ կարողացել է անդամագրվել։ «Թե՛ կառուցվածքային, թե՛ IT տեսանկյունից մեր կատարած աշխատանքը ներկայացրել ենք այնտեղ, և մեր փորձը համարվել է դրական և օրինակելի»,-ընդգծել է նախարարի տեղակալը։ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը անդրադարձել է նաև ներքին աուդիտի համակարգում կատարված փոփոխություններին։

Նմանատիպ նյութեր