9557 դիտում
17:43 27-04-2018
Հայտնաբերվել են հարկային պարտավորությունից խուսափելու դեպքեր. հարուցվել են քրեական գործեր
ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նյութեր են նախապատրաստվել մի քանի ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարումից միտումնավոր խուսափելու դեպքերի կապակցությամբ:
Նախապատրաստված նյութերից մեկով «Ա. Գ.» ՍՊԸ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հարկային տեսչությունում առկա տեղեկատվական բազայի տվյալների վերլուծությամբ՝ ընկերության 2014-2015թթ. իրականացրած գործունեության արդյունքներով կազմված և հարկային մարմին ներկայացված շահութահարկի տարեկան հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ են մտցվել: Դրա հետևանքով ընկերությունը խուսափել է պետական բյուջե ընդհանուրը՝ 20.937.752 դրամ շահութահարկ վճարելուց:
Մեկ այլ դեպքում «Դ. Մ. 1» ՍՊԸ վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընկերությունը 2017թ. հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում ԵՏՄ երկրներից իրականացրել է 16.627.640 ՀՀ դրամ ինվոյսային արժեքով թվով վեց ներմուծում: Սակայն ընկերության կողմից համապատասխան արձանագրության և օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացվել է միայն երկու ներմուծման հարկային հայտարարագիր: Չներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերի հետևանքով չհաշվարկված ներմուծման ԱԱՀ-ի գումարը կազմել է ավելի քան 3մլն դրամ: Հարկ վճարողի կողմից նաև չի ներկայացվել 2017թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների ԱԱՀ-ի հաշվարկ, ինչի հետևանքով բյուջե չվճարված ԱԱՀ-ի և շահութահարկի գումարը ընդհանուր կազմել է 4.158.122 դրամ:
Մեկ այլ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Մ...» ՍՊԸ իրականացրած տնտեսական գործունեության արդյունքում պետական բյուջեի հանդեպ գոյացած հարկային պարտավորությունները կազմել են 45.348.910 դրամ: Գումարը հաշվարկվել և առաջադրվել է 2017թ. ընթացքում հարկային մարմին ներկայացրած հաշվարկներից ու ընկերությունում իրականացված՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող և օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության վերաբերյալ կազմված ստուգման ակտից:
Նշանակված դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ ընկերության պարտավորությունները զգալիորեն գերազանցում են ակտիվներին: Հետևաբար զուտ հաշվապահական ու տնտեսագիտական տեսանկյունից ընկերությունը հնարավորություն չուներ մարելու պետական բյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները:
Միևնույն ժամանակ, սակայն, նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տվյալ ընկերության տնօրինության կողմից, անձնական շահերից ելնելով, ստեղծվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշներ: Վերջինս արտահայտվել է ընկերության ֆինանսական միջոցներն առանց բավարար հիմնավորումների փոխկապակցված մեկ այլ ընկերությանն ուղղելու գործողությունից՝ ունեցած կասկածելի պարտավորությունները մարելու նպատակով:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ առերևույթ առկա են հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների վճարումից խուսափելու, իսկ վերջինի դեպքում՝ կանխամտածված սնանկության հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում այս դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ առաջինի դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, երկրորդի դեպքում՝ 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, իսկ երրորդի դեպքում՝ 193-րդ հոդվածով:
Հարուցված 3 քրեական գործերի նախաքննությունն էլ հանձնարավել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչությանը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b] ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
43767 դիտում
18:28 23-05-2018
178 մլն դրամի չափով հարկային պարտավորությունից առերևույթ խուսափելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
17480 դիտում
22:06 16-05-2018
Հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքեր են բացահայտվել. հարուցվել են քրեական գործեր
1312 դիտում
20:44 09-02-2021
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի նախկին տնտեսավարողները կազատվեն հարկային պարտավորությունից
Այս բաժնից
1375 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ