211652_close_icon
views-count2777 դիտում article-date 14:46 27-04-2018

Անձին մեղադրանք է առաջադրվել ոստիկաններին հանիրավի մեղադրելու համար. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ, այդ թվում` սուտ մատնություն կատարած անձանց ինքնախոստովանական ցուցմունքների արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հանիրավի մեղադրվել են պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Դավիթ Եփրեմյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, լրացուցիչ հարցաքննության ժամանակ հրաժարվել է իր տված նախնական ցուցմունքից և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ հանիրավի մեղադրել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պետի տեղակալ Ա. Առուշանյանին: Մասնավորապես, Դ. Եփրեմյանը հայտնել է, որ անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ իրեն ճանաչման ներկայացված` ենթադրյալ հանցանք կատարած անձին ճանաչել և հետագայում իր ցուցմունքը պնդել է Ա. Առուշանյանի ուղղորդմամբ, քանի որ ինքը իրականում չի ճանաչել նշված անձին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` առերես հարցաքննությունների և հարցաքննված անձանց ցուցմունքների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերը նշված ոստիկանության պաշտոնյան հանիրավի է մեղադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Ընդ որում, Դ. Եփրեմյանը նույնպես խոստովանել է, որ Հատուկ քննչական ծառայությանը գիտակցաբար սուտ տեղեկություններ է հաղորդել Ա. Առուշանյանի կողմից իրեն ուղղորդելու վերաբերյալ` փորձելով այդ կերպ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին զերծ պահել քրեական պատասխանատվության ենթարկվելուց: Արդյունքում որոշում է կայացվել ոստիկանության պաշտոնյայի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Դ. Եփրեմյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ Մհեր Ստեփանյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով դատական նիստի ընթացքում հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ Գորիս քրեակատարողական հիմնարկ թմրամիջոց ապօրինի փոխադրելու կասկածանքով մի խումբ ոստիկաններ իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին, որտեղ բռնություն են գործադրել իր նկատմամբ, ինչպես նաև իր ստորագրմանն են ներկայացրել բացատրություն վերցնելու մասին նախապես լրացված արձանագրություն: Սակայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության արդյունքում հերքվել են Մհեր Ստեփանյանի հայտնած տեղեկությունները : Հարցաքննված անձանց և Մ. Ստեփանյանի տված ինքնախոստովանական ցուցմունքների, ինչպես նաև կատարված մի շարք այլ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներ Ռ. Բակունցին, Ա. Բաղդագյուլյանին, Գ. Գրիգորյանին և Կ. Ալավերդյանին հանիրավի է մեղադրել բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Արդյունքում որոշում է կայացվել վերը նշված ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Մ. Ստեփանյանի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հոդվածի 2-ին մասի 1-ին կետով: Մ. Ստեփանյանի կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր