211652_close_icon
views-count7123 դիտում article-date 23:30 25-04-2018

Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ

Ապրիլի 24-ին, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը՝ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ: Ելույթով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու շվեյցարական թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, Շվեյցարիահայոց միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանը: Հասմիկ Տոլմաջյանն իր խոսքում ընդգծեց, որ անցած հարյուր երեք տարիները մեր ժողովրդի համար եղել են չսպիացած, արնածոր վերքի, մաքառումների, գոյամարտի, բայց նաև՝ հանուն հիշողության իրավունքի, հանուն այդ ոճրի միջազգային ճանաչման և դատապարտման պայքարի տարիներ: Նա նշեց նաև, որ մի քանի տասնյակ երկրների և միջազգային կառույցների, այդ թվում՝ Շվեյցարիայի ազգային խորհրդի և Ժնևի Մեծ խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, մեր ժողովրդի մի քանի սերունդների բազմահազար զավակների կողմից մղված այդ պայքարի կարևոր արդյունքն է: Տասն օր առաջ՝ ապրիլի 13-ին Ժնևի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող վեհաշուք Հիշատակի լապտերների տեղադրումը նույնպես կարևոր խորհրդանիշ է արդարության և հիշողության հաղթանակի ճանապարհին: Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային լիակատար ճանաչումը ոչ միայն հիշողության տուրք է մեկուկես միլիոն անշիրիմ նահատակների հիշատակին, այլև երաշխիքն է մեր հայրենիքի և ժողովրդի անվտանգ ներկայի և ապագայի: Նա շեշտեց նաև, որ Մեծ Եղեռնի սրբադասված նահատակների հիշողության լավագույն տուրքը մեր վերածնված ժողովուրդն է՝ միասնական՝ ապագայի իր իղձերով ու նպատակներով, խաղաղ, ապահով, զարգացած և հզոր Հայրենիքի կերտմանը բերած հավաքական ջանքերով:

Նմանատիպ նյութեր