211652_close_icon
views-count55150 դիտում article-date 19:57 23-04-2018

Կարեն Կարապետյանից ստացվել է գրություն՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ միջնորդագրերի հետկանչը քննարկելու վերաբերյալ, որը հարգվել է. Դատախազություն

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանից ստացվել է գրություն՝ միջնորդագրերի հետկանչի գործընթացի հնարավորությունը քննարկելու վերաբերյալ, որը հարգվել է։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից՝ պատասխանելով հարցին, թե փոխվարչապետի դիմումի վերաբերյալ գլխավոր դատախազությունն ինչ որոշում է կայացվել։ «ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան միջնորդագրեր էին ներկայացվել ՀՀ Ազգային ժողով՝ համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելուն, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչի մասին տեղեկացվել է: Դրանից հետո ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանից ստացվել է գրություն՝ միջնորդագրերի հետկանչի գործընթացի հնարավորությունը քննարկելու վերաբերյալ, որը հարգվել է»,- հայտնեց Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նշենք,որ այսօր առավոտյան՝ նախքան Սերժ Սարգսյանի հրաժարականը, Կարեն Կարապետյանը հայտնել էր, որ ինքը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ միջնորդությունն Ազգային ժողովից հետ վերցնի: Հիշեցնենք, որ այդ պահին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ձերբակալված էր։

Նմանատիպ նյութեր