211652_close_icon
views-count26827 դիտում article-date 16:36 19-04-2018

Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներից հետո արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերը կիսով չափ կնվազեն. Լևոն Ալթունյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանն ապրիլի 18-ին երեկ հանդիպել է Արագածոտնի մարզի Աշտարակի և Ապարանի տարածաշրջանի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի թերապևտների, մանկաբույժների և ընտանեկան բժիշկների հետ։ Պարբերաբար շարունակվող այս հանդիպումների ընթացքում, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, քննարկվում են նաև իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Կարևորելով չարորակ նորագոյացություններով պայմանավորված մահացության ցուցանիշի նվազեցումը` Լևոն Ալթունյանը վստահություն է հայտնել, որ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների և սկրինինգային հետազոտությունների իրականացման արդյունքում 10 տարի անց Հայաստանում կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերը կնվազեն առնվազն 50 տոկոսով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: «Գարդասիլով պատվաստումների և սկրինինգային հետազոտությունների արդյունքում 9 մլն բնակչություն ունեցող Ֆինլանդիայում արգանդի պարանոցի քաղցկեղից տարեկան մահանում է 1 կին։ Հայաստանում տարեկան միջինում արձանագրվում է 120 մահվան դեպք։ Պատվաստումների հետևանքով ո՛չ Ֆինլանդիայում և ո՛չ էլ պլանային պատվաստում իրականացվող 70-ից ավելի որևէ երկրում չբերության մակարդակը չի բարձրացել»,-ասել է Լևոն Ալթունյանը` բժիշկներին հորդորելով ծնողներին երբեք չպարտադրել, այլ համոզիչ փաստարկներով և թվերով ներկայացնել պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը։ Մանկաբույժները վստահեցրել են, որ կյանքեր փրկող այս ծրագրի իրականացման պատասխանատվությունը պարտադրում է հետևողական լինել, և իրենք ամեն ինչ կանեն ոչ մասնագետների կողմից ծնողների շրջանում սերմանված վախի մթնոլորտը հաղթահարելու համար։ Լևոն Ալթունյանը կարևորել է բնակչության հետ ավելի հաճախ շփվող, ծննդյան առաջին օրերից սկսած նրանց առողջության նկատմամբ հսկողություն սահմանող և մշտապես պատասխանատվություն կրող մասնագետների ամենօրյա աշխատանքը։ Նախարարի պաշտոնակատարը նրանց ներկայացրել է ինչպես ԱԱՊ օղակի բարեփոխումների տեսլականը, այնպես էլ ոլորտում իրականացվող այն ծրագրերը, որոնց արդյունքում առաջիկայում կբարելավվեն մատուցվող բժշկական ծառայությունների որակը և ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը։ «Մենք կօգնենք, որ դուք ավելի տեղեկացված լինեք համակարգում իրականացվող բոլոր ծրագրերի մասին, որպեսզի դրանք հասցնեք մեր բնակչությանը»,-ասել է Լևոն Ալթունյանը ԱԱՊ օղակի մասնագետներին` ներկայացնելով իրենց համար ստեղծված տեղեկատվական հարթակը, որտեղ նրանք կստանան հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։

Նմանատիպ նյութեր