211652_close_icon
views-count5831 դիտում article-date 10:52 15-04-2018

Մեկնարկել է Կորյուն ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏաԺ

Երեկ՝ ապրիլի 14-ին, Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: Ողջունելով մասնակիցներին՝ կրթության և գիտության նախարարն իր խոսքում նշել է, որ նման միջոցառումները ևս մեկ անգամ հաստատում են՝ երիտասարդ սերունդը պատրաստ է հայրենիքի պաշտպանությանը, պատրաստ` տեր կանգնելու դարերի ընթացքում ձևավորված արժեհամակարգին: «Սա ազգ-բանակ գաղափարախոսության բաղկացուցիչն է: Մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք՝ մեր հույսը մենք ենք, մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, և համատեղ պիտի լինեն գրիչը, բահը և զենքը: Այս գաղափարախոսությամբ է, որ պետք է կառուցենք, ուժեղացնենք մեր երկիրը»,-ասել է Լևոն Մկրտչյանը: Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանն իր հերթին հույս է հայտնել, որ մրցույթի ընթացքում ձեռք բերած հմտությունները կօգնեն «Կորյուն» ռազմամարզական խաղերի մասնակիցներին դառնալու մեր երկրի իրական պաշտպաններ: «Այսօր այստեղ հավաքվածներդ, անցնելով դպրոցական, շրջանային և մարզային փուլերի միջով, ի վերջո ձևավորեցիք եզրափակիչ հանրապետական փուլի մասնակիցներին: Կարծում եմ, որ հաղթանակն արդեն իսկ նվաճել եք: Սակայն ոչ պակաս կարևոր է, որ ճաշակեցիք թիմային և ընկերներով հաղթանակ ունենալու բերկրանքը»,-նշել է Արտակ Դավթյանը: «Կորյուն» ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մասնակիցները պայքարելու են «Կարգապահ և ներդաշնակ», «Արագ և դիպուկ», «Բանիմաց և հնարամիտ», «Ամենագիտակ ու խելացի», «Բարձունքի գրավում» մրցաձևերում: Առաջին անգամ խաղերի ծրագրում ներառված է նաև փեյնթբոլ մրցաձևը: Խաղերի փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր