211652_close_icon
views-count4479 դիտում article-date 10:47 13-04-2018

Ակցիաները՝ որպես օժանդակ միջոց արդյունավետ են, եթե ունեն քաղաքական բովանդակություն. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Քաղաքական պայքարը բաժանվում է երկու մասի՝ հիմնական և օժանդակ։ Հիմնականը՝ տարբեր հարթակներում (նաև հանրահավաքներում) ծրագրեր, նպատակներ, գաղափարներ հնչեցնելն է՝ դրանցով ընտրողներին, քաղաքացիներին շահագրգռելը, մոբիլիզացնելը։ Օժանդակը՝ զանազան ակցիաներն են, ինչպես հիմա ընդունված է ասել՝ ֆլեշմոբերը: Օրինակ՝ 88-ին «Ղարաբաղ» կոմիտեն բացատրում էր Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց, որ Գերագույն խորհուրդը պետք է ընդունի այսինչ որոշումը՝ դա քաղաքականություն էր։ Հանրահավաքից հետո «Ղարաբաղ» կոմիտեի ակտիվիստները գնում էին այն պատգամավորների տները, որոնք, ենթադրաբար, այս որոշման դեմ պիտի քվեարկեին ու դռան մոտ խոտ էին լցնում՝ ցույց տալու համար, որ այդ պատգամավորները խոտակեր են: Դա ակցիա էր, ֆլեշմոբ։ (Այսօր նման ակցիա, հավանաբար, հնարավոր չէ իրականացնել՝ պատգամավորներից շատերի թիկնազորը սովորական քաղաքացիներին 100 մետր իրենց տան դռան մոտ չի թողնի)։ Ակցիաները որպես օժանդակ միջոց արդյունավետ են այն դեպքում, եթե՝ ա/ ունեն քաղաքական բովանդակություն, բ/ կան այդ բովանդակությունը կիսող տասնյակ հազարավոր մարդիկ։ «Այս իշխանությունը վատն է, ուզում ենք լավ, ազնիվ, ազգին նվիրված, ժողովրդի մասին մտածող իշխանություն»՝ դա քաղաքական բովանդակություն չէ, դա պարապ խոսակցություն է, որն իսկապես 26 տարի շարունակ վարում են տասնյակ հազարավոր մարդիկ, բայց այդ պարապ խոսակցությունները հնարավոր չէ «կոնվերտացնել» լուրջ քաղաքական հաջողության մեջ։ Բայց լինում է, որ ակցիաները քաղաքական բովանդակություն չեն պարունակում։ Օրինակ՝ փակել արագաչափերը՝ ո՞րն է այստեղ բովանդակությունը: Հավանաբար, հետևյալը. անպատիժ քշեք, ժողովուրդ ջան, 120-ի վրա, ձեզ ոչ մեկը չի տուգանի: Արագաչափերը, ինչպես հայտնի է, պոպուլիստների ամենասիրելի թեման են՝ դրանց առկայությունը «քլնգելը» անկարգ վարորդների սրտով է։ Բայց վնասել արագաչափերը, իմ կարծիքով, առնվազն թեթևամտություն է՝ իսկ եթե դրանց տեղակայման վայրում վարորդներին կամ ուղևորներին որևէ բան պատահի... Աստված մի արասցե, իհարկե։ Խորհրդարանում գունավոր ծուխ անելը, նպատակ ունենալով, որ ՀՀԿ-ն չառաջադրի վարչապետի իր թեկնածուին կամ չքվեարկի նրա օգտին, նույնպես, կարծում եմ, մանկամտություն է։ Թող ներեն ինձ անչափ համակրելի երիտասարդ պատգամավորները, բայց մի՞թե նման ակցիայով հնարավոր է ազդել պատգամավորների որոշման վրա՝ այն պարագայում, երբ, կրկնեմ, հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ չեն հավաքվել: Ճիշտն ասած, երբ «Ելքը» ստեղծվում էր, ես հույս ունեի, որ այդ դաշինքը չի գնա ԱԺՄ-ի, ՀԱԿ-ի կամ «Ժառանգության» ճանապարհով։ Համենայնդեպս, նրանք այդպես էին հայտարարում»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր