211652_close_icon
views-count2562 դիտում article-date 12:36 07-04-2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Տոն, որը կարևոր խորհուրդ ունի՝ ընդգծելու ու կարևորելու հայ մայրերի դերն ու նշանակությունը մեր կյանքում, նաև մեկ անգամ ևս մեր գնահատանքն ու ջերմությունը նրանց փոխանցելու համար: Դարեր շարունակ հայ կինը եղել է ընտանեկան համերաշխության և ներդաշնակության, հայկական ավանդական օջախի ամրության հենասյունը: Մայրությունն էլ հայ կնոջ համար միշտ դիտարկվել է որպես կարևորագույն առաքելություն, ինչն արդարացիորեն, ըստ արժանվույն, գնահատվել ու միշտ է գնահատվելու մեզանում: Անհերքելի փաստ է, որ իրենց հոգսաշատ առօրյայում մեր մայրերի համար առաջնայինը եղել և մնում է իրենց զավակների խնամքին ու դաստիարակությանն ուղղվող անմնացորդ նվիրումը, ինչը նրանց էլ ավելի գեղեցիկ ու անկրկնելի է դարձնում միշտ: Ու վստահաբար հենց սա՛ է դրված նաև բացառապես հայկական՝ մայրության ու գեղեցկության ինքնատիպ այս տոնի հիմքում: Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք, մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ, առողջություն, բարեկեցություն, սեր և երջանկություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: Թող ժպիտն ու ուրախությունը լինեն ձեր կյանքի մշտական ուղեկիցը, միշտ շրջապատված լինեք ձեր ամուսինների, եղբայրների, հայրերի և որդիների ուշադրությամբ ու հոգատարությամբ և թող ձեր հմայքն ու գեղեցկությունը միշտ գերող լինի, ձեր անմնացորդ նվիրումն ու մայրական գորովանքն էլ փոխհատուցվի որդիական երախտագիտությամբ և անսահման սիրով»։

Նմանատիպ նյութեր