211652_close_icon
views-count2548 դիտում article-date 14:48 05-04-2018

Հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ հսկողությունը կխստացվի

Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է տեխնիկական անվտանգության պահանջների պահպանմանը: «Երեք օր առաջ Երևանի կենտրոնում տեղակայված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժեց 8 մարդ։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ինչպես նաև գործադիր մարմիններն ըստ ցուցումների կատարում են անհրաժեշտ աշխատանքները։ Միաժամանակ նշված դեպքը հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում»,- ասել է վարչապետը։ Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների նախարարին 2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությամբ։ «Խախտումների արձանագրման դեպքերում սահմանել սեղմ ժամկետներ՝ խնդիրները վերացնելու, իսկ դրանք չկատարելու դեպքում՝ կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ։ Համապատասխան կազմակերպություններում աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով ներգրավել նաև առողջապահական տեսչական մարմնին»,-նշել է կառավարության ղեկավարը։ Վարչապետն առաջարկել է նաև գործարար միջավայրի ներկայացուցիչներին, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին՝ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ, միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վերհանման և վերացման ուղղությամբ՝ բարձրացնելով համապատասխան օբյեկտներում տեխնիկական անվտանգության պայմանները։ Արտակարգ իրավիճակների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարվել է նաև 2-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմների կատարելագործման, ոչ ամբողջական օրենսդրական կարգավորումների հստակեցման, ԵՏՄ շրջանակներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի ներդրման, ինչպես նաև գործնականում առկա այլ խնդիրների վերացմանն ուղղված առաջարկություններ։ Դիմելով արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին՝ վարչապետը նշել է. «Ուշադիր կլինեք, որպեսզի այս հանձնարարականի հետևանքով ադմինիստրատիվ խնդիրներ ու լիազորությունների ոչ ճիշտ ընկալում ու կիրառում չունենանք»:

Նմանատիպ նյութեր