6293 դիտում
20:05 02-04-2018
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն:
Նույն օրը Սփյուռքի նախարարը Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Վիեննայի հայ համայնքի կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ Վիեննայի հայ համայնքը աչքի է ընկնում իր կազմակերպվածությամբ, համայնքային կառույցները սերտորեն համագործակցում են Սփյուռքի նախարարության հետ, մասնակցում նախարարության ծրագրերին:
Ներկայացնելով Հայաստան-Սփյուռք գործակցության ողջ ընթացքը՝ նախարարն անդրադարձել է հայկական սփյուռքի առանձնահատկություններին, զարգացման շրջափուլերին, ներկա խնդիրներին ու մարտահրավերներին:
Ներկայացնելով Հայաստան-Սփյուռք գործակցության արդյունքները՝ Սփյուռքի նախարարը հատկապես կարևորել է, որ այսօր Սփյուռքը դարձել է հայաստանակենտրոն, ստեղծվել են Հայաստան-Սփյուռք գործակցության իրավական հիմքերը, գործընկերային կապեր են հաստատվել գրեթե բոլոր համայնքների և համահայկական կառույցների հետ, ընդլայնվել են նախարարության ծրագրերին մասնակցության աշխարհագրությունը և մասնակիցների թիվը:
Հանդիպման մասնակիցների հետ նախարար Հրանուշ Հակոբյանը քննարկել է Հայաստանում ներդրումային քաղաքականությանը, առկա արդյունքներին, զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր, ներկայացրել է սիրիահայերի հետ տարվող աշխատանքները, իրականցվող ծրագրերը, կարևորել հայրենադրձության խթանման գործընթացը:
«Այսօր անհանար է չնկատել, որ Հայաստանը զարգանում է, հզորանում, որ մեր Երևանը դարձել է եվրոպական քաղաք: Մեր անկախ Հայաստանն ընդամենը 27 տարեկան է՝ երիտադարդական ավյունով, բայց նաև փորձառու: Մենք բռնել ենք զարգացման ուղին և հաստատակամ առաջ ենք գնում»,-նշել է Սփյուռքի նախարարը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը Վիեննայում մարտի 31-ին մասնակցել է Եվրահայկական 23-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է, որ Եվրահայկական խաղերը բոլորի համար դարձել են իսկական հայկական տոն, միմյանց ճանաչելու, ընկերական սերտ կապեր ստեղծելու լավ հնարավություն:
Սփյուռքի նախարարն նշել է, որ հայ ժողովրդի ճանապարհի ամենակարևոր ձեռքբերումներից է, հատկապես, վստահ, ուժեղ, կրթված ու կայացած նորօրյա սերունդը, որ մեր ազգի ու պետության վաղվա օրվա առհավատչյան է:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Վիեննայի «Արարատ հայկական միության պատվո նախագահ Սեպուհ Բաղդոյանը և Ավստրիայի դաշնային խորհդրարանի Ավստրիա-Հայաստան խորհրդարանական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը:
Նույն օրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի ուղեկցությամբ այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն, հանդիպել միաբանության անդամների հետ: Բարձր գնահատելով միաբանության հսկայական ժառանգությունը, նրա անդամների կատարած աշխատանքն ու թողած հետքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ մեր հոգևոր հայրերը կարողացել են և՛ Վենետիկում, և՛ Վիեննայում ստեղծել այնպիսի ազգային մշակույթ, այնպիսի մեծ արժեքներ, որոնք դարեր շարունակ ոչ միայն չեն անհետացել, այլև հզորացել են, զարգացել և դարձել հայկականության կենտրոններ, փոքր հոգևոր հայաստաններն Եվրոպայի սրտում:
Հանդիպումից հետո նախարար Հրանուշ Հակոբյանը դեսպան Արման Կիրակոսյանի ուղեկցությամբ այցելել է Վիեննայի Հայ Առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցի և մասնակցել Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին:
Մարտի 31-ին՝ երեկոյան, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Վիեննայում հանդիպել է Եվրահայկական 23-րդ խաղերի մարզիկների հետ: Նախարարը նախևառաջ շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի առթիվ և կարևորել աշխարհի 15 երկրներից (Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Չեխիա, Ռուսաստան, Նորվեգիա, Վրաստան, Անգլիա, Իտալիա, Շվեյցարիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հայաստան, Թուրքիա, Ավստրիա) շուրջ 750 մասնակիցների ներկայությունը համահայկական սպորտային այդ միջոցառմանը՝ նշելով, որ այն մեկ անգամ ևս խորհրդանշում է հայ ժողովրդի միասնականությունը:
«Ցանկանում եմ՝ բոլորդ նույն խանդավառությամբ ձեր Հայրենիք գաք՝ միասին նշելու Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման, Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800 ամյակներին նվիրված հոբելյանական տոնակատարությունները»,-նշել է Սփյուռքի նախարարը: Սփյուռքի նախարարը նրանց հրավիրել է նաև մասնակցելու Հայաստանում հուլիսի 6-8-ը կայանալիք Երիտասարդական համահայկական հավաքին: Այնուհետև Սփյուռքի նախարարը Եվրահայկական 23-րդ խաղերին մասնակցող թիմերին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր, իսկ Վիեննայի «Արարատ» հայկական միության պատվո նախագահ Սեպուհ Բաղդոյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1586 դիտում
18:14 25-03-2016
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն
1152 դիտում
15:16 01-12-2016
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցեր է կատարել Ֆրանսիա և Բելգիա
2202 դիտում
10:10 16-09-2019
Նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»