211652_close_icon
views-count3998 դիտում article-date 20:58 20-03-2018

Արայիկ Հարությունյանը Ավստրալիայում այցելել է մի շարք ձեռնարկություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը այսօր՝ մարտի 20-ին, այցելել է մի շարք արդյունաբերական և գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններ և ծանոթացել դրանց աշխատանքներին: Ա. Հարությունյանը եղել է, մասնավորապես, կաթնամթերքի, խաղողի վերամշակման և թիթեղի արտադրության ձեռնարկություններում: Նա ծանոթացել է արտադրական պրոցեսներին, հետաքրքրվել վերամշակման նորամուծություններով, ինչպես նաև՝ պատասխանատուների հետ քննարկել ունեցած փորձով Արցախի գործարարների հետ կիսվելու հնարավորությունները: Այնուհետև Ա. Հարությունյանը հանդիպել է Սիդնեյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ հանդես է եկել Արցախի՝ անկախության տարիներին ունեցած ձեռքբերումների մասին ծավալուն ելույթով: Պետական նախարարը հատկապես ընդգծել է, որ, չնայած առկա օբյեկտիվ դժվարություններին, Արցախը զարգանում է, և ակնառու հաջողություններ կան գրեթե բոլոր ոլորտներում: «Արցախում ապրող ժողովրդի անունից՝ երախտագիտություն եմ հայտնում Ավստրալիայում և Սփյուռքի մեր մյուս գաղթօջախներում ապրող բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անտարբեր չեն հայրենիքի հանդեպ: Անկախությունից ի վեր՝ տարբեր բարեգործական կազմակերպությունների և անհատների միջոցով մենք մշտապես զգացել ենք Սփյուռքի գործուն աջակցությունը: Այսօր կոչ եմ անում բոլորիդ պարզապես պարբերաբար այցելել և սեփական հանգիստը կազմակերպել ազատագրված ու բարգավաճող Արցախում, ձեռնարկատիրական գործունեություն ծավալել այնտեղ: Հայրենիքը սփյուռքի հաստատուն արմատն է, և, կարծում եմ, բոլորիս պարտքն է ամուր կառչած մնալ մեր արմատին»,- ասել է Ա. Հարությունյանը: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում է Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը: Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր