211652_close_icon
views-count39757 դիտում article-date 20:09 20-03-2018

Հարկային օրենսգիրքը կարող է փորձանք դառնալ մանկական գրքի գլխին. «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը դժգոհում է գրքի վրա ավելացված արժեքի հարկ կիրառելուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2017թ.-ի հոկտեմբերին ԱԺ-ն ընդունեց հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց մանկական գրքից ավելացված արժեքի հարկ գանձելու պետք է կարգավորվի կառավարության որոշումով: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրուցում այս մասին տեղեկացրեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Ա. Մարտիրոսյանը ներկայացնելով խնդիրը, ասում է, որ ՀՀ կառավարությունը որոշել է, որ գրքի մանկական լինելը պետք է որոշի կրթության նախարարությունը: Ա. Մարտիրոսյանը ֆոտոլրագրողին ցուցադրում է մանկական հրատարակություններ, որոնց վերաբերյալ նախարարությանը պատկանող կրթության ազգային ինստիտուտը կարող է որոշել, որ դրանք բնավ էլ մանկական չեն: «Ուստի մեծերը պետք է վերցնեն մեր մանկական գրքերը եւ դրանցով խաղան»,- ֆոտոլրագրողին ասում է Արմեն Մարտիրոսյանը: Ըստ պարոն Մարտիրոսյանի, հարկային օրենսգրքում կատարված փոոխությունները իրավիճակը դարձնում են զավեշտալի: Խնդիրն այն է, որ խորհրդային վերջին տարիներից մինչեւ այսօր Հայաստանում տպագրվել է մոտ 30 հազար անուն մանկական գիրք, եւ որպեսզի կրթության ազգային ինստիտուտը որոշի` դրանք մանկական են, թե ոչ, կպահանջվի 30 հազար օր, այսինքն, ավելի քան 100 տարի: «Կրթության ազգային ինստիտուտն ուրիշ բան ու գործ չունի՞: Ինչու՞ պետք է հրատարակիչները բան ու գործ թողնեն եւ հերթ կանգնեն այդ ինստիտուտում ու սպասեն նրա որոշմանը: Էդ օրենքը գրողը մանկություն ունեցե՞լ է»,- տարակուսում է Ա. Մարտիրոսյանը: Վերջինս տեղեկացնում է, որ հրատարակիչները տարիներ շարունակ փորձել են հասնել այն բանին, որ գիրքն ընդհանրապես ազատվի Ավելացված արժեքի հարկից: Բայց այսօր, ըստ նրա, կառավարությունը չի հասկանում գրքի կարեւորությունը: «ԳԴՀ կառավարությունն ասում է, որ յուրաքանչյուր եվրոն, որ դնում է գրքի վրա, բերում է 30 եվրո շահույթ: Անգամ զենքի եւ նարկոտիկի վաճառքը այս շահութաբերությունը չունեն»,-եզրակացնում է Ա. Մարտիրոսյանը: Նա այսօր պահանջում է գրքի վրայից հանել ավելացված արժեքի հարկի գանձումը` Ուկրաինայում այն զրո է, Թուրքիայում ընդամենը մեկ տոկոս է, մեզ մոտ հասնում է 20 տոկոսի. «Գիրքը պետք է լինի արտոնյալ պայմաններում: Շվեդիայում գրադանավարը մանկական գրքով այցելում է 6 ամսական երեխային ու այդպես ամեն կես տարին մեկ` նոր գրքով»: Ի դեպ, հրատարակիչը ֆոտոլրագրողին տեղեկացրեց նաեւ, որ հրատարակչությունն ամեն տարի կազմակերպում է ընթերցողների օլիմպիադա: Հաղթողներն արժանանում են ապահովագրության` տան, առողջության: «Ընթերցող աշակերտի պապան ունի ԱՊՊԱ»,-ասմունքում է հրատարակիչը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր