211652_close_icon
views-count4389 դիտում article-date 20:00 19-03-2018

Ավստրալիայում գտնվող Արցախի պետական նախարարը վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ մասնակցել է Հայ ավետարանչական ընկերակցության միջոցառմանը

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ, մարտի 18-ին մասնակցել է Սիդնեյի Հայ ավետարանչական ընկերակցության (ՀԱԸ) արարողությանը: Եկեղեցական միջոցառումից հետո Ա. Հարությունյանը և Գ. Բերեջիկլյանը մտքեր են փոխանակել Հայրենիք-Սփյուռք կապերի վերաբերյալ: Նոր Հարավային Ուելսի նահանգի հայազգի վարչապետն Արցախի պետնախարարից հետաքրքրվել է նաև նրա այցի ընթացքից: Ա. Հարությունյանը Գ. Բերեջիկլյանին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության համար՝ նշելով, որ շնորհիվ ավստրալահայ կառույցների գործադրած ջանքերի՝ բոլոր հանդիպումներն անցկացվում են բարձր մակարդակով: Պետնախարարը մասնակցել է նաև ՀԱԸ 100-ամյակին նվիրված ճաշկերույթին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով: Ա. Հարությունյանն այցելել է նաև Սիդնեյի Սուրբ Հարություն հայկական եկեղեցի, որտեղ նրան ընդունել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը: Հոգևոր առաջնորդը ողջունել է պետական նախարարի այցն Ավստրալիա և նշել, որ Սփյուռքը մշտապես գտնվում է Արցախի կողքին: Իր հերթին Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով հայ եկեղեցու կարևոր դերը հայապահպանության, ինչպես նաև հոգևոր ու հայեցի ճիշտ դաստիարակության գործում: Զրուցակիցներն անդրադարձել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, ապա պետական նախարարը մասնակցել է սուրբ պատարագին: Մարտի 19-ին Ա. Հարությունյանն այցելել է Սիդնեյի Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Ալեքսանդր» ամենօրյա վարժարան և Համազգայինի «Արշակ և Սոֆի Գօլստըն» ճեմարան, որտեղ հանդիպել է ուսուցչական և աշակերտական անձնակազմերի հետ, ծանոթացել կրթօջախների պայմաններին: Նա բարձր է գնահատել հայկական կրթական հաստատությունների դերը Սփյուռքում և ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում է Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը: Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են: [b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր