211652_close_icon
views-count3511 դիտում article-date 10:55 13-03-2018

Հայաստանում ինչ-որ իռացիոնալ ատելություն կա պետության նկատմամբ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրումէ. «Հայաստանում օրինապաշտ և քաղաքակիրթ լինելը խիստ դատապարտելի երևույթ է: Իսկ ի՞նչը կարող է մարդուն օրինապաշտ դարձնել: Բնականաբար, օրենքի խստությունը: Բայց դրա դեմ մշտական կատաղի քարոզչություն է գնում: Արագաչափերը, դեղատոմսերը, ծխելու և փողոցը սխալ անցնելու համար տուգանքները հայ ժողովրդի գլխավոր թշնամիներն են: Ինչու են մարդիկ ուզում առանց դեղատոմսի «ծակվել» հակաբիոտիկներով, քշել 100 կիլոմետր ժամ արագությամբ, ծխել հասարակական վայրերում, մեքենայի պատուհանից աղբ թափել, իրար խաբել և «քցել», վերջապես՝ ինչու են նրանք այդքան սիրում խնչել և թքել փողոցում: «Պարզվում է»՝ պատճառն այն է, որ նրանք վատ են ապրում, ցածր աշխատավարձ են ստանում, չեն կարողանում ընտանիք պահել: Այ, երբ նրանց համար կյանքի լավ պայմաններ ստեղծվեն, երբ ստանան բարձր աշխատավարձ, ունենան լեգիտիմ և հոգատար իշխանություն, երբ լինի սոցիալական արդարություն, նրանք այդ ամենը «կթարգեն»: Մեր քաղաքացիները քաղաքացու վարք չեն դրսևորում իշխանությունների ոչ լեգիտիմության «դարդից»: Բայց սպասեք մի րոպե: 70-ական թվականներին մարդիկ լավ էին ապրում (նյութապես), ստանում էին առնվազն 120 ռուբլի աշխատավարձ: Ինչո՞ւ էր այդ դեպքում Հայաստանի բնակչության մեծամասնությունը գողանում 2 կոպեկանոց էլեկտրաէներգիան, որն ամսական հազիվ 50 կոպեկ նստեր: Կոմունիստների ոչ լեգիտիմ լինե՞լն էր նրանց դրդում: Կամ գուցե տեսնում էին, թե որքան լավ են ապրում ռայկոմի քարտուղարները, ցեխավիկները և պահեստապետները, և «լույս գողանալը» նրանց բողո՞քն էր սոցիալական անարդարության դեմ: Խնդիրը ես, ճիշտն ասած, այլ տեղ եմ տեսնում: Հայաստանում՝ խորհրդային, թե անկախ, ինչ-որ իռացիոնալ ատելություն կա պետության նկատմամբ: Մենք սիրում ենք մեր հողը, մեր հայրենիքը, պատրաստ ենք դրանց համար կյանք տալ, բայց պետությունը ոչ միայն չենք սիրում, այլև թշնամաբար ենք վերաբերվում նրան: Մարդիկ իրենց հակասոցիալական վարքի արդարացումը տեսնում են Քոչինյանի, Դեմիրճյանի, անկախ Հայաստանի ղեկավարների, ուրիշների «հաջողակ», իրենց «անհաջողակ» լինելու և դրա վրա հիմնված «անարդարության» մեջ: Այդ «թրենդն» ամրապնդում են մարդիկ, որոնք շատ լավ գիտեն, թե ինչն ինչոց է՝ առաջ դա արվում էր խոհանոցներում, հիմա՝ սոցիալական ցանցերում: Մի բան է իմանալ իրականությունը, մեկ այլ բան է՝ այն արտաբերելը: Հոսանքին դեմ գնալը միշտ բարդ է եղել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր