211652_close_icon
views-count2301 դիտում article-date 20:13 12-03-2018

«ԵՊՀ-ն կապեր է հաստատում Իրանի ամենախոշոր գիտակրթական կենտրոնների ու համալսարանների հետ». Վարդան Ոսկանյան

Մարտի 4-9-ը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ներկայացուցիչներն այցելել են Իրանի խոշորագույն համալսարաններ, մասնակցել գիտական սեմինարների և հետագա համագործակցության ակնկալիքով իրանցի գործընկերների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, դոցենտ Հասմիկ Կիրակոսյանը, ասիստենտներ Հակոբ Ավչյանն ու Արտյոմ Տոնոյանն այցելել են Շիրազի և Նիշապուրի համալսարաններ: Համալսարանականները նախ մասնակցել են Շիրազի համալսարանում իրանագիտության ոլորտում գրական զարգացումներին նվիրված «Միաբանության գրականություն» խորագրով գիտաժողովին, որտեղ Վարդան Ոսկանյանի ելույթը վերաբերում էր հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական գրական և մշակութային փոխկապակցվածությանը: Այցելության ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ համալսարանի ղեկավարության հետ և քննարկվել փոխգործակցության հեռանկարները: ԵՊՀ դասախոսները Նիշապուրի համալսարանում մասնակցել են իրանական բարբառներին նվիրված սեմինարներին, հանդիպել են համալսարանի գիտխորհրդի անդամների հետ, քննարկել համակողմանի համագործակցության ընդլայնման ուղղությամբ կատարվելիք քայլերն ու մասնակցել համալսարանների միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը: «Նիշապուրի համալսարանը գտնվում է Խորասան քաղաքում, որտեղ դեռևս չուսումնասիրված բազում բարբառներ կան: Եվ քանի որ մենք հենց բարբառների և լեզվաբանության ուսումնասիրությամբ ենք զբաղվում, ուստի մասնագետների հետ պայմանավորվեցինք սերտ համագործակցություն ծավալել տվյալ բնագավառում»,- ասաց Հակոբ Ավչյանը և ավելացրեց, որ իրանցի գործընկերները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու նաև գրականության և հնագիտության ոլորտներում: Դոցենտ Հասմիկ Կիրակոսյանը ոչ միայն մասնակցել է սեմինարին, այլև ներկայացրել է ԵՊՀ-ի և Իրանագիտության ամբիոնի գործունեությունը, կրթական ծրագրերն ու համագործակցության հնարավոր ոլորտները: «Մեր զեկուցումների թեմաների հանդեպ մեծ հետաքրքրություն կար, ինչը թույլ է տալիս մեզ ավելի ընդլայնելու հայ-իրանական գիտական ու կրթական կապերը: Կարծում եմ՝ պետք է շեշտադրել հենց ուսանողների փոխանակման ծրագրերը, և դրանք գործնական դաշտ բերել»,- նշում է Հ. Կիրակոսյանը: Ամբիոնի վարիչը կարևորում է Իրանի հետ համագործակցությունը և նշում, որ Մայր բուհը՝ ի դեմս Իրանագիտության ամբիոնի, կապեր է հաստատում Իրանի ամենախոշոր գիտակրթական կենտրոնների ու համալսարանների հետ՝ իրականացնելով ոչ միայն գիտակրթական, այլև մշակութային առաքելություն: «Այցելության շրջանակում եղանք նաև Սաբզևար քաղաքի համալսարանում և նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեցինք: Շիրազի համալսարանի ղեկավարության հետ որոշվեց ԵՊՀ-ում Պարսքի ուսումնասիրությունների կենտրոն ստեղծել: Նիշապուրի համալսարանի հետ ավելի գործնական ծրագրեր քննարկվեցին, որոնք ընդգրկում են թե՛ ուսանողների փոխանակում, թե՛ դասախոսների համատեղ հետազոտությունների իրականացում»,- նշեց Վ. Ոսկանյանը: Ամբիոնի վարիչը փաստեց, որ հայկական պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև իրանցի գիտնականների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր