211652_close_icon
views-count2744 դիտում article-date 14:51 07-03-2018

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի պատվիրակությունն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Մարտի 7-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի (Air War College) պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Այցը նպատակ ուներ առավել խորը պատկերացում կազմելու Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի, մարտահրավերների, ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում իրականացվող համագործակցության վերաբերյալ: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, գեներալ-լեյտենանտ, ք.գ.դ., պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրեց Համալսարանի հետազոտական (Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ) և կրթական (Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտ) բաղադրիչները: Նա նշեց, որ Համալսարանի կրթական բաղադրիչը իրագործում է հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության (վերապատրաստման) ծրագրեր և նախատեսում է գործարկել նաև մագիստրոսական կրթություն: Պրոֆեսոր Քոթանջյանի խոսքերով՝ կրթական գործընթացն համալսարանում ծավալվում է արևմտյան հետազոտական համալսարանների և ինստիտուտների մոդելով, ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի հաշվառմամբ, հետազոտական բաղադրիչի գիտակիրառական հետազոտությունների արգասիքները՝ որպես գիտելիք, տեղափոխելով լսարան: Հանդիպման ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-ԱՌՀԻ-ի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը, ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը, կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ՝ պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը և տ.գ.թ. Ազատ Դավթյանը՝ ներկայացնելով տարածաշրջանային անվտանգության դինամիկայի տարբեր ասպեկտները: ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ, տ.գ.թ. Արման Գրիգորյանը ներկայացրեց կիբեռանվտանգության և ՏՀՏ ոլորտում կենտրոնի կողմից կատարվող հետազոտական աշխատանքները, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ում մշակված կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը և ՏՀՏ ոլորտի ղեկավարի համակարգի (CIO) տեղայնացման և Հայաստանում ներդրման նախագիծը: Հյուրերը տպավորված էին այցով և հույս հայտնեցին, որ համագործակցություն կծավալվի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի և ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի միջև:

Նմանատիպ նյութեր