211652_close_icon
views-count3138 դիտում article-date 12:54 07-03-2018

«Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա». Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին հանդիպել է Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ պատվիրակությանը՝ «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլեւսկու եւ Երեւանում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու գլխավորությամբ: Էդուարդ Շարմազանովը ցավակցություն է հայտնել Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը եւ ներկան» խորագրով համաժողովի անցկացումը Երեւանում՝ ընդգծելով, որ նման միջոցառումները կարեւոր են ոչ միայն անցյալը եւս մեկ անգամ արժեւորելու, այլեւ հայ-ռուսական դարավոր բարեկամության եւ ընդհանուր անցյալի մասին երիտասարդներին իրազեկելու տեսանկյունից: «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է, եւ նոր սերունդը պետք է քաջատեղյակ լինի այդ մասին, ճանաչի հերոսներին: Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա: Մենք ընդհանուր արժեքներ ունենք եւ պետք է պահպանենք դրանք»,-ընդգծել է նա: Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Կուրսկի աղեղի ճակատամարտին նվիրված հայ-ռուսական գիտակրթական համաժողով կազմակերպել՝ նշելով, որ այդ ճակատամարտի հերոս է եղել Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Հայրենական մեծ պատերազմի հերոս Համազասպ Բաբաջանյանը: Նա առաջարկել է նաեւ քննարկել ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման» կոնվենցիայի 70-րդ հոբելյանական տարվա կապակցությամբ «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով ցուցադրությունը Ռուսաստանի Դաշնությունում եւս կազմակերպելու հարցը: Հյուրերը համատեղ նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման հարցում ընդգծել են «Հայրենիքի պատմություն» ֆոնդի եւ Երեւանում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությունը: Քննարկվել են երկու ժողովուրդների քաղաքական, ռազմական, կրթական ու գիտական կապերի ակտիվացման հեռանկարները: Նշվել է, որ երկկողմ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը բխում է երկու պետությունների շահերից:

Նմանատիպ նյութեր