211652_close_icon
views-count5392 դիտում article-date 16:57 06-03-2018

«Մադաթովի եւ Լոռիս-Մելիքովի հետնորդներն են 1992 թ-ին ազատագրել Շուշին ադրբեջանական օկուպացիայից». Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին ներկա է գտնվել «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը եւ ներկան» խորագրով հայ-ռուսական միջազգային համաժողովին: Նշենք, որ համաժողովը նախաձեռնել են Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը, «Տարածաշրջանային գիտական եւ կրթական կենտրոնների միավորում» ու «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպությունները: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդես է եկել ելույթով. «Համաժողովի հարգելի մասնակիցներ, հայ-ռուսական հարաբերություններն ունեն դարերի պատմություն: Դեռեւս Կիեւյան Ռուսիայի ժամանակաշրջանում երկու ժողովուրդների միջեւ ձեւավորվել են տնտեսական, ռազմական, քաղաքական եւ մշակութային կապեր, որի մասին խոսել են հայ անվանի պատմիչ Ստեփանոս Ասողիկը եւ ռուսական պատմագրության հայր Նիկոլայ Կարամզինը: 18-րդ դարի սկզբից հայ-ռուսական հարաբերություններում սկսվել է նոր էջ, որը կապված է Իսրայել Օրու, իսկ այնուհետեւ Հովսեփ Էմինի եւ Շահամիր Շահամիրյանի՝ Ռուսաստանի օգնությամբ հայոց պետականության վերականգնման ձգտման հետ: Նույն այդ ժամանակահատվածում Ռուսական կայսրության ներկայացուցիչները հայտնի զորավար Ալեքսանդր Սուվորովի գլխավորությամբ բանակցություններ են վարել Ռուսաստանի հայոց եպիսկոպոսության հետ: Այդ բանակցությունների հիմքում դեռեւս 18-րդ դարում հայոց պետականությունը մայրաքաղաք Երեւանով վերականգնելու գաղափարն էր դրված: Ռուսաստանի պետական շահի եւ հայ ժողովրդի ազատագրական պայքարի համընկնումը հանգեցրեց նրան, որ 19-րդ դարում Կովկասում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում հայ ժողովուրդը հիմնականում օժանդակում էր ռուսներին: Հարգելի գործընկերներ, 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրի կնքումը, իսկ այնուհետեւ Հայկական մարզի ստեղծումը կարեւոր քայլ էին հայոց անկախ պետականության վերականգնման ճանապարհին: Հայկական մարզն ուներ սեփական զինանշան հայկական խորհրդանիշերով՝ Արարատ լեռը Նոյյան տապանով եւ Սուրբ Էջմիածինը: Հայկական մշակույթը զարգացման նոր խթան ստացավ: Հայերը եւ ռուսներն ուս ուսի տված կռվում էին ռուս-թուրքական պատերազմներում թե Առաջին աշխարհամարտի, թե Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Հենց Վալերիան Մադաթովի, Միքայել Լոռիս-Մելիքովի, Հովհաննես Բաղրամյանի եւ Հովհաննես Բաբաջանյանի հետնորդները 1992 թվականին ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից: Համաժողովի հարգելի մասնակիցներ, այսօր հայ-ռուսական հարաբերություններն ունեն հիրավի դաշնակցային բնույթ. դրանք դինամիկ զարգանում են թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմական, թե մշակութային ուղղություններով եւ բխում են մեր երկու երկրների ու ժողովուրդների շահերից: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում համաժողովի բոլոր մասնակիցներին»:

Նմանատիպ նյութեր