211652_close_icon
views-count4018 դիտում article-date 10:02 06-03-2018

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շուտով կարող է ցմահ ստանձնել պաշտոնը. «Ամերիկայի ձայն»

Չինաստանում երկուշաբթի օրը մեկնարկել է օրենսդիրների տարեկան համագումարը: Օրակարգի առաջնային հարցն է սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը թույլ կտա նախագահ Սի Ծինպինին ցմահ ստանձնել պաշտոնը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4281449.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Շուրջ 2000 պատվիրակներ Չինաստանում մասնակցում են օրենսդիրների տարեկան համագումարին: Երկրի կառավարությունը հանդես է գալիս հաշվետվությամբ՝ խոստանալով պահպանել Չինաստանի կայուն տնտեսական աճն ու օտարերկրյա ներդրումների հոսքը: Վարչապետ Լի Կիքվանսը տեղեկացրել է, որ այս տարի Չինաստանը նախատեսում է 8,1 տոկոսով ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը: Այս տարի կառավարությունը ակնկալում է 6,5 տոկոսով մեծացնել տնտեսությունը: Վարչապետն իր խոսքում չանդրադարձավ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը, որով նախագահ Սի Ծինպինը ցմահ կստանձնի երկրի ղեկավարությունը: Սակայն դրա վերաբերյալ եղան այլ ելույթներ: Նախաձեռնությունը ներկայացվում է որպես ժողովրդական պահանջ և անհրաժեշտություն: Չնայած որոշ պատգամավորներ կարծես տեղեկացված չեն նախաձեռնության բուն էությանը, սակայն բոլորն իրենց աջակցությունն են հայտնում կոմունիստական կուսակցության գործունեությանը: «Այդ խնդիրը կստանա համապատասխան լուծում, սակայն այսօր կառավարությանը չափազանց անհրաժեշտ է կայունություն և շարունակականություն, քանի որ տատանումները չափազանց վտանգավոր են Չինաստանի համար»,- ասում է պատվիրակներից մեկը: «Ես կարծում եմ, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը չի շեղվի իր նախկին ուղուց և չի ստեղծի անձի պաշտամունք: Դրա մասին հստակ խոսում է մեր կուսակցության կանոնադրությունը»,- ասում է մեկ այլ պատվիրակ: «Համուզված եմ, որ կուսակցությունը հաշվի է առել այս ամենը և ճիշտ ծրագրել ամեն ինչ»,- նշում է երրորդը: Պատվիրակները պետք է քննարկեն առաջարկվող սահմանադրական փոփոխությունները չորեքշաբթի օրը: Այս հարցի շուրջ քվեարկությունը կկայանա կիրակի օրը:

Նմանատիպ նյութեր