211652_close_icon
views-count5692 դիտում article-date 12:50 03-03-2018

26 տարիների ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացրել է ավելի քան 330 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ1100-ից ավելի ծրագրեր

Այսօր՝ մարտի 3-ին, լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության 26 տարին, հաղորդում է[url=http://artsakhpress.am/arm/news/81866/hayastan-hamahaykakan-himnadramn-aysor-dardzav-26-tarekan-ardyunqnern-arcakhpres-i-ditarkmamb.html] Artsakhpress.am[/url]-ը։ Անցած 26 տարիների ընթացքում Հիմնադրամն իրականացրել է ավելի քան 330 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ավելի քան 1100 ծրագրեր Հայաստանում և Արցախում: Հիմնադրամի շնորհիվ կառուցվել, վերակառուցվել և իրականացվել է ավելի քան 605կմ ճանապարհ, 580կմ ջրագիծ ու ջրատար, 149կմ գազամուղ, 70կմ էլեկտրագիծ, 359 դպրոց ու մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն ու բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակույթի ու սպորտային կենտրոն, 110 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր: Հիմնադրամն ունի ավելի քան 700 000 նվիրատու՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է ՀՀ նախագահի հրամանագրով, 1992 թվականին՝ որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը: Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության` Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է: Կառույցի աշխատանքներում ակտիվ մասնակցություն և մեծ ներդրում ունեն նրա 20 տեղական մարմինները և գործընկեր կազմակերպությունները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 18 երկրներում: Հիմնադրամն իրականացնում է միմյանց հաջորդող տարաբնույթ ծրագրեր, որոնք կենսական կարևորություն ունեն մեր հայրենիքի համար: Առաջին խոշորածավալ ձեռնարկը «Ձմեռ» մարդասիրական ծրագիրն էր, որի շրջանակներում հանգանակված միջոցները 1992-95 թթ.-ին ուղղվեցին ժողովրդի համար օրախնդիր դարձած սոցիալական հիմնահարցերի լուծմանը: Աղետի գոտում հիմնադրամը ձեռնամուխ եղավ բնակարանաշինությանը` 1988-ի երկրաշարժից անօթևան մնացածներին կացարաններով ապահովելով Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում: Հիմնադրամի օժանդակությունից անմասն չմնացին նաև զոհված ու առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներն ու կարիքավոր ուսանողները, որոնց Հիմնադրամը շարունակում է նպաստ տրամադրել: 1995-99 թթ. կառույցին վստահվեց Հայաստանում և Արցախում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խնդիրների լուծումը: Մեկը մյուսին հաջորդեցին «Գորիս-Ստեփանակերտ», ապա 2000-2005թթ. Արցախում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղիների կառուցումը: Վերջինս ճանապարհային ցանց ապահովեց Արցախի քաղաքների և գյուղերի միջև` մեծապես նպաստելով երկրում տնտեսության զարգացմանը: Ճանապարհաշինությանը զուգընթաց` Հիմնադրամը ստանձնեց նաև համայնքային զարգացման նպատակային ծրագրեր: 2005թ.-ին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվեց տարածքային զարգացման «Արցախի վերածնունդ» ծրագիրը, որի իրագործումը նոր էջ բացեց Հիմնադրամի գործունեության մեջ: Խորհուրդը միաձայն որոշում ընդունեց 2005-2006թթ. հեռուստամարաթոններում հանգանակված գումարները համապատասխանաբար ուղղել արցախյան պատերազմի հետևանքով առավել մեծ վնասներ կրած Արցախի շրջանների` Մարտակերտի և Հադրութի վերականգնմանն ու զարգացմանը: 2006 թվականից սկսվեցին Մարտակերտի շրջանի վերականգնման աշխատանքները, որոնք ներառում են միաժամանակ մի քանի ոլորտ` գյուղատնտեսություն, ջրամատակարարում, առողջապահություն, դպրոցաշինություն: Նույնօրինակ ծրագիր Հիմնադրամն իրագործում է ԱՀ Մարտունու շրջանում: 2007-2008թթ. Հիմնադրամը ձեռնամուխ եղավ Հայաստանի ու Արցախի գյուղերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանը: Հեռուստամարաթոն 2009-նն անցկացվեց «Մեր Շուշին» խորագրի ներքո և հասույթը գլխավորապես ուղղվեց Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների` ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը: 2010-11թթ. Հիմնադրամն իր միջոցները նպատակաուղղեց Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը: 2012թ.-ի նվիրատվություններն ուղղվեցին Արցախի և Հայաստանի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը: 2013թ.-ին հավաքագրված միջոցներն ուղղվեցին Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն իրար կապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի հողային աշխատանքների իրականացմանը: 2014թ.-ին հավաքագրած գումարներով էլ մեկնարկեց ճանապարհի ասֆալտապատումն ու հարդարումը: Մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը շահագործման հանձնվեց 2017թ. սեպտեմբերին: 2015թ.-ի հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարը նպատակաուղղվեց Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարաններով ապահովելուն: 2016թ.-ի դրամահավաք միջոցառումների հասույթով էլ շարունակվում են պատերազմի հետևանքով Արցախի տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքները, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցումը: 2017թ.-ի դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարն ուղղվում է Արցախի ռոգման համակարգի կառուցմանը և արևային էներգիայի կիրառմանը: «Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մաղթելով բեղուն և նորանոր գաղափարներով լի գործունեություն:

Նմանատիպ նյութեր