211652_close_icon
views-count14479 դիտում article-date 15:22 01-03-2018

Հայկական տարազով լուսանկարներ են բեմադրել. ԱՄՆ դեսպանատունը՝ Դինա Ակոպովնայի և մուտքի վիզաների հետ կապված խարդախության մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նոր մանրամասներ է ներկայացրել վերջերս մուտքի վիզաների տրամադրման հետ կապված խարդախության սխեմայի վերաբերյալ: Դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին եւ Հայաստանի քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին (նույն ինքը՝ Դինա Ակոպովնա) եւ Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից՝ մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար: «Մեղադրանքի համաձայն՝ նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով ԱՄՆ են տեղափոխել: Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված խարդախության, փողերի լվացման, ծանրացուցիչ հանգամանքներով զուգորդված անձնական տվյալների գողության եւ արտասահմանցիներին անօրինականորեն ԱՄՆ բերելու համար: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Բոյաջյանի, Ակոպովնայի եւ Աթոյանի հանցավոր գործունեության թիրախը եղել են P-3 տեսակի մուտքի վիզաները, որոնք տրվում են եզակի մշակութային գործիչներին: «Սա վիզայի այն տեսակն է, որը սովորաբար ստանում են հայ արվեստագետները, մշակութային գործիչները, երաժիշտներն ու կատարողները, ովքեր ԱՄՆ են մեկնում՝ ամերիկյան ժողովրդին ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության կարևոր կողմերը»,- պարզաբանել է դեսպանատունը: Մուտքի վիզաների հետ կապված խարդախության այս սխեմայի ներքո կազմակերպիչները պահանջել ու ստացել են կեղծ տեղեկանքներ, պատրաստել բեմադրված լուսանկարներ, որտեղ դիմողները հայկական տարազով են, եւ դիմողներին հրահանգավորել են, թե ինչպես պետք է հարցազրույցի ժամանակ կեղծ տեղեկություններ հայտնել: Հաղորդագրության մեջ նշվում է, որ փաստական տվյալների սխալ ու խեղաթյուրված ներկայացումը մուտքի վիզայի հարցազրույցի ընթացքում կարող է դիմողին մշտապես զրկել ԱՄՆ մուտքի վիզա ստանալու հնարավորությունից: Ձերբակալությունից հետո Բոյաջյանն ու Աթոյանը պատշաճ դատավարական ընթացակարգերից հետ կկանգնեն ամերիկյան դատարանի առջեւ: Ակոպովնան դեռեւս հետախուզման մեջ է ԱՄՆ արդարադատության համակարգի կողմից: Գործով քննությունն ընթացքի մեջ է»:

Նմանատիպ նյութեր