211652_close_icon
views-count3518 դիտում article-date 11:44 01-03-2018

26 տարի առաջ Հայաստանը շատ ավելի փոքր էր իր տնտեսական հզորությամբ, բայց հասարակությունը շատ ավելի քիչ էր բևեռացված. Արմեն Սարգսյան

1988 թվականի ազգային-ազատագրական շարժումը մի յուրօրինակ պատմական երեւույթ էր, որի կրկնությունը որևէ մեկը չէր տեսել ու չէր լսել: ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: «Մենք այդ ժամանակ ԽՍՀՄ անձնագիր էինք կրում, բայց մեր սրտում կրում էինք անկախ Հայաստանի անձնագիրը: Բոլորս էինք կրում այդ անձնագիրը՝ սկսած Սիլվա Կապուտիկյանից, Վիկտոր Համբարձումյանից, Զորի Բալայանից մինչև Ազատության հրապարակում պայքարող յուրաքանչյուր քաղաքացի: Պայքարը սկսվեց ոչ միայն Արցախի ժողովրդի պաշտպանության համար, այլև ժամանակի ընթացքում վերածվեց անկախ Հայաստանի համար պայքարի, նաև ատոմակայանը փակելու պայքարի: 1988-ին ունեինք մեծ երազներ, մեզ թվում էր, կարող ենք հայրենիքը պահել առանց ջուր ծախելու, կարծում էինք, որ կարող ենք ապրել առանց ատոմակայանի կամ էներգետիկայում առանց ժամանակակից տեխնոլոգիաների, բայց բոլորս վստահ էինք, որ մենք ճիշտ ենք»,-ասաց նա: Ա. Սարգսյանը նկատեց, որ իհարկե, անկախության 26 տարիները հեշտ չեն եղել, հեշտ չի եղել անհրաժեշտ մարդկային տնտեսական ու ֆինանսական ռեսուրսներ կենտրոնացնել զուտ պաշտպանական խնդիրների վրա. «Հայաստանն ունի այսօր բանակ, որն իր տեսակով չի զիջում շատ եվրոպական բանակների, բայց այդ երկրներում բյուջեն բազմամիլիարդ է: Սակայն մենք արժանապատվությամբ կրում ենք այդ բեռը: Իհարկե, այս 26 տարիները հաղթանակների ու անհաջողությունների տարիներ են, բայց դա Արցախի պատերազմում մեծ հաղթանակի տարիներ են, որը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Տարիներ հետո մենք կրկին անգամ զգացինք հաղթանակի քաղցր համը: Մենք ունեցել ենք հաղթանակներ, Սարդարապատ, Բաշ-Ապարան, բայց արցախյան հաղթանակը յուրօրինակ է, որով պետք է հպարտ լինենք»,-ընդգծեց նախագահի թեկնածուն: Նրա խոսքով, 26 տարի առաջ Հայաստանը շատ ավելի փոքր էր իր տնտեսական հզորությամբ, բայց հասարակությունը շատ ավելի քիչ էր բևեռացված։

Նմանատիպ նյութեր