211652_close_icon
views-count2676 դիտում article-date 22:26 28-02-2018

Մենք պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով ապահովել մեր համաքաղաքացիների պահանջներն ու ակնկալիքները. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման, զարգացման և ներդրումային ծրագրերի, գնումների վարչությունների պետերի, ինչպես նաև Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Վարչությունների պետերն ու ընկերությունների ղեկավարները հաշվետվությունների ձևով ներկայացրել են 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018թ. ծրագրերը: Քաղաքապետին զեկուցվել է, որ նախորդ տարի բյուջեի եկամուտները կատարվել են 100,3 տոկոսով, այդ թվում սեփական եկամուտները՝ 101 տոկոսով: Նշվել է նաև, որ բյուջեի ծախսերի տնտեսումներ են եղել՝ հիմնականում պայմանավորված գնումների մասով խնայողություններով: Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության գործունեության առնչությամբ զեկուցվել է, որ 2017թ. Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվել է շուրջ 50 ներդրումային առաջարկ, որոնք ներկայացվել են հնարավոր բոլոր հարթակներում: Խոսելով վարկային ծրագրերի մասին՝ պատասխանատուները նշել են, որ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանասավորվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով» նախորդ տարի մեկնարկել են Դավթաշեն-Աշտարակի խճուղի և Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածների կառուցման աշխատանքները: Զեկուցվել է, որ վերոնշյալ ծրագրով այս տարի էլ արդեն տրվել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի նոր ճանապարհի կառուցման մեկնարկը: Հարկ է նշել, որ Երևանի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2019 թվականին, ինչի շնորհիվ մայրաքաղաքը կունենա Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի 4 վարչական շրջաններն իրար կապող 23 կմ երկարությամբ, եվրոպական չափորոշիչներին համապատասխանող ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը: Զեկուցվել է նաև, որ ընթացքում է Երևանի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների ծրագրի գործնական փուլը, որի շրջանակում վերջերս ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը։ Նոր նախագծով բացառվելու են կրկնվող գծերը, տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում։ Զեկուցվել է, որ Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են վարկային ծրագրով նախատեսված ու շարժակազմերի արդիականացման աշխատանքները: Պատասխանատուները համառոտ կերպով ներկայացրել են նաև 2018թ. անելիքներն ու առաջնահերթությունները: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է թափանցիկ գործելաոճով աշխատանքի շարունակականության ապահովման կարևորությունը և հավելել, որ ֆինանսական ոլորտում քաղաքապետարանի գործունեությունը պետք է հավուր պատշաճի ներկայացվի հանրությանը: Անդրադառնալով վարչությունների գործառույթներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել Երևան քաղաքի բյուջեի եկամուտների և ծախսերի կատարմանն ու բյուջեից հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործմանը: Նա հորդորել է լինել հետևողական ու պահանջկոտ, որպեսզի հնարավոր լինի կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացվել են հանրությանը: «Մեր համաքաղաքացիների պահանջներն ու ակնկալիքները քաղաքային իշխանությունից այսօր ավելացել են, և մենք պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով ապահովել այդ պահանջների կատարումը: Երևանի զարգացման հնգամյա ծրագիրն, ըստ էության, կազմվել է հենց մեր բնակիչների առաջարկների հիման վրա և բխում է մեր նախընտրական ծրագրից: Ուստի, պարտավոր ենք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք մեր համաքաղաքացիներին: Պետք է հետևողական լինեք նաև վարկային ծրագրերի սահմանված ժամկետներում կյանքի կոչման հարցում: Վարկային տարբեր ծրագրերով այսօր մայրաքաղաքում կյանքի են կոչվում այնպիսի ծրագրեր, որոնք իրենց արդյունավետությամբ կարող են օրինակելի համարվել նոր ծրագրերի իրականացման համար», - նշել է քաղաքապետը: Անդրադառնալով ներդրումային ծրագրերի իրականացմանն ու մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական քայլեր ձեռնարկել ներդրումային դաշտի ակտիվացման ուղղությամբ: «Պահանջս աշխատակազմից ու հանձնարարականս հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ՝ առաջարկելով այնպիսի ուղղություններ, որոնք ևս պահանջված են բնակիչների կողմից ու կարող են ներդրումային հետաքրքրություն առաջացնել նաև ներդրողների մոտ: Այդ նպատակին է ծառայում նաև մեր կողմից տարվող հստակ քաղաքականությունը, որն ուղղված է մայրաքաղաքի գործարար միջավայրի բարելավմանն ու ներդրումների ներգրավմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր