211652_close_icon
views-count9842 դիտում article-date 11:38 21-02-2018

2017-ին Գյումրու թատրոնը 2016-ի համեմատ 68%-ով գերակատարել է եկամտային ցուցանիշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայիս և տասնամյակներ առաջ Լոս Անջելես մեկնած մի խումբ արտիստներ առաջիկայում գյումրվա հումորային թեմաներով համատեղ ներկայացում կպատրաստեն, որը կխաղան և′ Գյումրիում, և′ Լոս Անջելեսում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի և տնօրեն Տիգրան Վիրաբյանի այս գաղափարը երկու ձեռքով ողջունեց նախարար Արմեն Ամիրյանը։ Թատրոնը 2017-ին աշխատել է 98% վաճառված տոմս և 2% հրավիրատոմս սկզբունքով։ «Հրավիրատոմսով հանդիսատեսը մեզ հետաքրքիր չէ»,- ասաց տնօրեն Տիգրան Վիրաբյանը։ «Այո′, դա ամենավատ հանդիսատեսն է»,- ավելացրեց նախարար Արմեն Ամիրյանը։ 2017թ. Գյումրու պետական թատրոնին պետբյուջեից հատկացվել է 169 միլիոն դրամի սուբսիդիա, Թատրոնն ունեցել է մոտ 48,5 միլիոն դրամի փաստացի եկամուտ ( 2016թ. մոտ 29 միլիոն դրամի համեմատ)։ Եկամտի մոտ 34 միլիոն դրամն ստացվել է տոմսերի վաճառքից, 11 միլիոնը՝ դահլիճի, մոտ 3 միլիոնը՝ տարածքի վարձակալումից։ 2017 թվականին 7 պրեմիերա ունեցած և 142 ներկայացում խաղացած թատրոնը 2018-ին ընդամենը 3 պրեմիերա և 125 ներկայացում էր նախատեսել։ Բացատրությունը, որ նոր ներկայացումներն անելու են հրավիրյալ ռեժիսորները, և որ որակի համար ժամանակ է պետք, չգոհացրեց նախարարին. « Բոլորս էլ գիտենք որակյալ ներկայացում բեմադրելու օպտիմալ ժամանակը։ Բացի այդ, Խորհրդային տարիներին ամեն մի թատրոն շաբաթական վե՞ց ներկայացում էր խաղում, երբեմն՝ օրական մի քանիսը, ես առաջարկում եմ գոնե երեք ներկայացում խաղալ շաբաթական և ունենալ գոնե 5 նոր ներկայացում տարեկան»։ Պայմանավորվածություն եղավ նաև նախարարության որոշակի աջակցության շուրջ։ Ապրիլի վերջին Թատրոնը հանդիսատեսի դատին կներկայացնի Ապրիլյան պատերազմի թեմայով ներկայացումը, մինչև մայիս՝ մանկական «Ձյունիկն ու յոթ թզուկները», ապա մեկական ներկայացում կբեմադրեն հրավիրյալ ռեժիսորներ Վահե Շահվերդյանն ու Նարինե Մալյանը։ Մարտ ամսից Թատրոնի խաղացանկային որոշ ներկայացումների գլխավոր դերերում կներգրավվի Հրանտ Թոխատյանը։ Այս փորձը կշարունակվի, և այլ հայտնի դերասաններ ևս միառժամանակ հանդես կգան Գյումրու թատրոնի բեմում։ Թատրոնի արտիստները հյուրախաղեր կունենան Երևանում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր