211652_close_icon
views-count2744 դիտում article-date 15:48 20-02-2018

Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար»

Երևանի վարչական շրջանների ղեկավարները շարունակում են Երևանի քաղաքապետին զեկուցել կատարված աշխատանքների և նախատեսված ծրագրերի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր ներկայացվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախորդ տարվա հաշվետվությունն ու 2018թ. անելիքները: Վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանը, ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները, քաղաքապետին զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Ըստ այդմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի բարեկարգման, հանգստի գոտիների ստեղծման, բնակելի ֆոնդի պահպանման, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման, կանաչ տարածքների ու ոռոգման ցանցի ընդլայնման ուղղությամբ: Որպես 2017թ. ձեռքբերում վարչական շրջանի ղեկավարն առանձնացրել է համայնքային ծրագրերով ու մասնավոր հատվածի կողմից իրականացված մի շարք ծրագրեր, այդ թվում նաև այնպիսիք, որոնք կարևոր դերակատարում են ունեցել բնակիչներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացման հարցում: Մասնավորապես հարմարավետ պայմաններ են ապահովվել և նոր ու ժամանակակից բժշկական սարքավորումներով համալրվել Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան, «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը, վերաբացվել է տարածաշրջանում միակ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքը, ինչպես նաև շահագործման է հանձնվել գերժամանակակից սարքավորումներով համալրված ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոնը, ներկայումս էլ ընթացքի մեջ են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի երկու մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները: Ներկայացնելով 2018թ. համար նախատեսված անելիքները՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ տարեկան ծրագրերին զուգահեռ այս տարի ևս հետևողական քայլեր կձեռնարկվեն մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու և ներդրումային նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ: «Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ շարունակական քայլեր կձեռնարկվեն նաև աշխատակազմ-բնակիչ կապն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ: Ձեր կողմից սահմանված քաղաքացիների ընդունելության կազմակերպումն իսկապես արդյունավետ միջոց է՝ առավել մոտիկից ծանոթանալու բնակիչների խնդիրներին՝ դրանց տալով համապատասխան լուծումներ: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ վարչական շրջանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչման հարցում ցուցաբերվող մշտական աջակցության համար»,- նշել է Արթուր Ստեփանյանը: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է գործարար միջավայրի բարելավման՝ Doing Business վարկանիշի բարձրացումը: «Վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվել են մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք իսկապես տնտեսական ակտիվություն են ապահովել վարչական շրջանում: Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ՝ առաջարկելով այնպիսի ուղղություններ, որոնք ևս պահանջված են բնակիչների կողմից ու կարող են ներդրումային հետաքրքրություն առաջացնել նաև ներդրողների մոտ: Այդ նպատակին է ծառայում նաև մեր կողմից տարվող հստակ քաղաքականությունը, որն ուղղված է մայրաքաղաքի գործարար միջավայրի բարելավմանն ու ներդրումների ներգրավմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով բնակիչների հետ մշտական կապի ապահովմանը՝ Երևանի քաղաքապետը հանձնարարել է լինել հետևողական՝ քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրներին համապատասխան լուծումներ տալու հարցում: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները պետք է վստահ լինեն, որ դիմելով վարչական շրջանի աշխատակազմ՝ կարող են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններն ու, ըստ այդմ, համապատասխան աջակցություն՝ հնարավոր խնդիրների լուծման հարցում: Նման աշխատաոճի արդյունքում բնակիչն, անշուշտ, համոզված կլինի, որ ի դեմս վարչական շրջանի աշխատակազմի՝ ունի իրեն հուզող խնդիրների լուծմանն ու աջակցմանը պատրաստ օղակ, ինչն իր հերթին մեր համաքաղաքացուն կդարձնի մեր լավագույն գործընկերն ու աջակիցը: Ի վերջո, Երևանի զարգացման հնգամյա ծրագիրն է մեր աշխատանքային ուղենիշը, որը կազմվել է հենց մեր համաքաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները հաշվի առնելով, ու ես վստահ եմ, որ մեր թիմը ունի՛ բավարար ներուժ, կամք և վճռականություն՝ այն լիարժեք կյանքի կոչելու համար»,- ընդգծել է քաղաքապետը: Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է չբավարարվել գրանցած ձեռքբերումներով ու հաջողություններով և անել հնարավորը՝ դրանք ամրապնդելու և ավելացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր