211652_close_icon
views-count7364 դիտում article-date 11:52 20-02-2018

1988 թ-ի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, ազգային զարթոնքի պահն էր. Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ։ Նախագահի ուղերձումասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այսօր նշում ենք այդ պատմական շրջադարձային իրադարձության 30-րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր: Ավելին, այն դարձավ հայ ժողովրդի վերածննդի օրը: Մոնթեն ճիշտ էր ասում, երբ պնդում էր, որ եթե կորցնեինք Արցախը, կշրջեինք հայոց պատմության վերջին էջը: 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր: Մեր ժողովրդի խաղաղ և օրինական քայլերին Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում և այլ վայրերում կազմակերպված կոտորածներով: Այդ օրերին արդեն պարզ դարձավ, որ Արցախի ժողովուրդը դատապարտված է ֆիզիկական բնաջնջման կամ հաղթանակի: Մեզ պարտադրվեց պատերազմ: Պատերազմ սանձազերծողները վստահ էին, որ մեծ առավելություն ունեն և, հայերին ոչնչացնելով ու Արցախը դատարկելով, Ղարաբաղի հարցը կփակեն արագ և ընդմիշտ: Երեք տասնամյակների հեռավորությունից այսօր արդեն վստահորեն կարող ենք պնդել, որ Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր: Արցախի հայությունը, թիկունքում ունենալով համայն հայության աջակցությունը, կարողացավ պատվով դուրս գալ այդ ծանր փորձությունից: Այսօր մեզ թշնամի անվանողներն ինչում ասես մեզ չեն մեղադրում, բայց Արցախի ժողովրդի միակ մեղքն այն է, որ նա չի պարտվել և չի բնաջնջվել այդ պատերազմում: Սիրելի՛ հայրենակիցներ, Ղարաբաղյան շարժումը պատմության որոշակի փուլում պետք է փոխակերպում ապրեր: Պետականության հռչակմամբ շարժումը ոչ թե մարեց, այլ դարձավ պետական քաղաքականություն: Համազգային պոռթկումի և զարթոնքի պսակը մեր երկու հայկական պետություններն են: Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձը մենք տոնում ենք՝ լսելով նույն հոխորտանքները, նույն սպառնալիքները, ինչ 30 տարի առաջ: 30 տարի շարունակվում է հայատյացության քարոզչությունը: Թվում է, թե ոչինչ չի փոխվել: Սակայն մենք ենք փոխվել: Արդեն 30 տարի ադրբեջանական լուծը թոթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, թե՛ մշակութապես: Մեր հասարակական գիտակցության մեջ գուցե և արդարացված ընկալում կա, որ արվածը բավարար չէ: Ուստի, մենք անընդհատ պետք է բարձրացնենք մեր պահանջների և ակնկալիքների նշաձողը: Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք դեռ շատ գործ ունենք անելու: Հսկայական անելիք կա բոլոր ասպարեզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն՝ ծանրագույն պայմաններում, իսկապես քիչ չէ: Ակնհայտ է՝ սա վերջին դարերի հայոց պատմության թերևս ամենակարևոր երեսնամյակն է: Մենք անելու ենք անհամեմատ ավելին և կրկին համարելու ենք, որ քիչ է: Անազատությունը չունի արդարացում, և ազատությունը չունի այլընտրանք: Հայաստանի և Արցախի Հանրապետություններում մենք կառուցում ենք ժամանակակից և ժողովրդավարական պետություններ: Մենք անվերապահորեն հարգում ենք մարդու հիմնարար իրավունքները, քանի որ ողջ հայ ժողովրդի համար ազատությունը և մարդու արժանապատվությունը բացարձակ արժեքներ են: Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՜ Ղարաբաղյան շարժման ծնունդ Արցախի Հանրապետությունը: Կեցցե՜ն Ղարաբաղյան շարժման առաջամարտիկները»:

Նմանատիպ նյութեր