211652_close_icon
views-count7069 դիտում article-date 20:52 11-02-2018

Փհենչանում հայ դահուկորդների տրամադրությունը օլիմպիական էր. ՖՈՏՈՇԱՐՔ

Մեր գործընկերներ Խաչիկ Չախոյանը եւ Ասատուր Եսայանը Փհենչհանից հաղորդում են: Փետրվարի 13-ին ձմեռային օլիմպիական խաղերում կմեկնարկեն հայ դահուկորդները: Տղամարդկանց պայքարին կմասնակցի Միքայել Միքայելյանը, իսկ կանանց մրցումներում հանդես կգա Կատյա Գալստյանը: Հայ դահուկորդները ներկայումս օլիմպիական մրցուղիներում նախապատրաստվում են իրենց մեկնարկներին ու լի են մեծ ցանկությամբ բարձր արդյունքների հասնելու համար: Դահուկավազքի Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանը մեծ ափսոսանք է ապրում, որ օլիմպիական խաղերին վնասվածքի պատճառով չի մասնակցում ավագ որդին՝ Սերգեյ Միքայելյանը. «Սերգեյը օլիմպիական խաղերում կարող էր աննախադեպ բարձր արդյունքի հասնել, քանի որ արդեն մեծ փորձ ունի և լավ արդյունքներ էր ցույց տալիս»,- ասել է Արթուր Միքայելյանը: Կրտսեր որդին՝ Միքայել Միքայելյանը, առաջին անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին ու շատ երիտասարդ է: Բայց նրա մարզումներից զգացվում է, որ Միքայելը նույնպես անելու է ամեն ինչ բարձր արդյունքների հասնելու համար: Օլիմպիական խաղերի բացման արարողությունում Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը նշեց. «Ես մեծ հպարտություն զգացի, երբ հայտարարվեց Armenia եւ մենք մտանք ստադիոն: Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ օլիմպիական խաղերին ու անելու եմ հնարավորը լավ արդյունքի հասնելու համար: Միակ խնդիր այն է, որ դեռևս լիովին չեմ հարմարվել ժամանային գոտուն, բայց մինչեւ մեկնարկ, կարծում եմ, այդ խնդիրը կլուծվի»,- նշել է Միքայելը: Կատյա Գալստյանը նույնպես ակտիվ մարզումներ է անցկացնում օլիմպիական վազքուղիներում: Ի տարբերություն իր թիմակցի, Կատյան օլիմպիական խաղերի մասնակցության փորձ ունի: Սոչի-2014-ում հայ դահուկորդուհին 64-րդ տեղն էր զբաղեցրել դասական ոճով 10 կմ մրացատարածությունում: Հիմա նա համոզված է, որ բարելավելու է իր ցուցանիշը. «Պարզ է, որ օլիմպիական խաղերում հանդես են գալու շատ ուժեղ դահուկորդուհիներ ու շատ դժվար է բարձր տեղ զբաղեցնելը: Բայց ինչպես բոլորը, ես էլ եմ ուզում հպարտանալ իմ արդյունքով ու ամեն ինչ անելու եմ հայ երկրպագուներինի ուրախացնելու համար»,- ասել է Կատյան: Անկեղծ ասած, ոչ ոք հայ դահուկորդներից մեծ արդյունքներ չի ակնկալում: Սակայն մեր երկու մարզիկներն էլ նշում են, որ Փհենչհան չեն ժամանել միայն օլիմպիական նշանաբանով: Կարևորը միայն մասնակցությունը չէ, շատ կարևոր է նաև հետք թողնել օլիմպիական խաղերի պատմության մեջ: Իսկ դա կարելի է անել միայն լավ արդյունքով: Ահա այսպես միաբերան նշում են մեր հավաքականի երկու դահուկորդները՝ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստայանը: Իսկ թե ինչքանով կհաջողվի պատմություն գրել, կհասկանանք մոտակա օրերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր